6 օր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ զինվորական դատախազ Գևորզ Կոստանյանն այդ ամբողջ ընթացքում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ զինդատախազը ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց այժմ արդեն լավ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվելու փաստը պարզել է հիվանդանոց այցելած «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը:
Վերջինիս հաջողվել է մի քանի վայրկյան տեսնել զինդատախազին, որն ուղիղ ու անշարժ պառկած է եղել մահճակալին։ Նրա աչքերը բաց են եղել, և, թղթակցի տպավորությամբ, նա հետաքրքրությամբ հետևում էր դռան ճեղքից այնկողմ տեղի ունեցող անցուդարձին։
«Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը ներկայացրել է Գևորգ Կոստանյանի առողջական վիճակի հետ կապված որոշ մանրամասներ։ Նա չի հանաձայնել, որ իրեն ձայնագրեն, բայց ասել է, որ ՀՀ զինդատախազի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ։ Դա, ըստ նրա, նշանակում է՝ ճնշման բարձրացում։
Սիրանուշ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ այդուհանդերձ չի հասել նախաինսուլտային վիճակի։ Գևորգ Կոստանյանի վիճակն, ըստ նրա, կայուն է, ճնշումը կարգավորվել է, ընդ որում՝ հենց բուժկենտրոն տեղափոխվելու օրվանից։ Իսկ հարցին՝ ինչո՞ւ է վերակենդանացման բաժանմունքում, Մարտիրոսյանը պատասխանել է, որ դա ընդամենը նրա հանգիստն ապահովելու համար է, որպեսզի տեսակցողները շատ չանհանգստացնեն։
Բժիշկը նաև հաստատել է, որ Գևորգ Կոստանյանը պարբերաբար կաթիլային՝ երակային ներարկումներ է ստանում:
«Վաղը կամ ամենաուշը մյուս օրը նա կտեղափոխվի հիվանդասենյակ», – ասել է Մարտիրոսյանը։
Օրաթերթի թղթակիցը երեկ զրուցել է նաև Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների հետ։ Առանց կոնկրետ դեպք մատնանշելու՝ նա հետաքրքրվել է՝ եթե, ասենք, մարդու հիվանդության ախտորոշումը հիպերտոնիկ կրիզ է, ու այդ մարդը մի քանի օր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ապա ինչի՞ մասին կարող է դա վկայել։
«Հիվանդության ծանրության։ Խորը ծանրության։ Եթե նա մի քանի օր հիպերտոնիկ կրիզով գտնվում է ոեանիմացիայում, դա հիվանդության ծանր բարդության մասին է խոսում։ Եթե կան տատանումներ, զարկերակային ճնշման անկայուն վիճակ, հնարավոր է՝ դուրս հանեն, նորից հիպերտոնիկ կրիզ առաջանա։ Բայց կարող է և կան նևրոգեն երևույթներ, որ նրան չի կարելի տեղաշարժել։ Տեսականորեն այնքան տարբեր պատճառներ կան։ Եթե պահում են երկար, ուրեմն՝ դա հիվանդության ծանրության և մեծ խորության մասին է խոսում։
Սրտաբանության ինստիտուտի մեկ այլ մասնագետ, դարձյալ չիմանալով, որ խոսքը ՀՀ զինդատախազի հիվանդության մասին է, խոսել է երևույթի վերաբերյալ.
«Դե, գիտեք ինչ, հիպերտոնիկ կրիզը այդքան երկար չի շարունակվում։ Կրիզը սուր վիճակ է, այդ վիճակից պիտի հիվանդին օրենքով, մանավանդ եթե նա վերակենդանացման բաժանմունքում է, հանեն։ Կարող է՝ կրիզը անցել է, բայց, Աստված մի արասցե, ասենք՝ ինչ-որ ուղեղային երևույթներ և այլն ի հայտ են եկել։ Այնպես որ, այդ հիպերտոնիկ կրիզն արդեն իր ակտուալությունը կորցրել է։ Դա սուր վիճակ է, այդ կրիզից պիտի դուրս գա»։