Home / Հայաստան / Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիան. բնապահպանները կրկին կդիմեն դատարան

Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիան. բնապահպանները կրկին կդիմեն դատարան

Թեղուտի անտառում հանքի շահագործման մասին որոշմամբ ՀՀ կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի ստորագրմամբ ստանձնած բոլոր երեք պարտապանությունները, ուստի Թեղուտի պաշտպանության խումբը մտադիր է նորից դիմել դատարան: Այս մասին օրերս տեղի ունեցած բնապահպանական հիմնախնդիրների քննարկման ժամանակ հայտարարել է Թեղուտի պաշտպանության հարցերում որպես փաստաբան հանդես եկող Հայկ Ալումյանը:

Նշենք, որ դատարան դիմելու մեկ փորձ բնապահպաններն արել են, սակայն դատարանը չի ընդունել հայցը` պատճառաբանելով, որ դիմումատուները հանդիսանում են հասարակական կազմակերպություն և իրավունք չունեն նման հայց ներկայացնել:

Քննարկման ժամանակ Ալումյանը նշել է, որ, ինչպես Կոնվենցիան ստորագրած ցանկացած այլ երկիր, Հայաստանը ստանձնել է երեք պարտավորություն` ամենավաղ շրջանում հանրությանը իրազեկել բնապահպանական կայացվելիք որոշումների մասին, դրանցում հանրության մասնակցությունը երաշխավորել, և ապահովել, որ այդ որոշումներով իր իրավունքները ոտնահարված համարող ցանկացած քաղաքացի իրավունք ունենա դիմել դատարան:

«Այս երեք կետն էլ մեր պետությունը խախտել է: Իրավական լուծումներ տալու համար` Թեղուտի պաշտպանությանը խումբը կազմել է բոլոր իրավական խախտումները նշող հայցադիմում», – տեղեկացրել է Հայկ Ալումյանը:

Նա նաև նշել է, որ արգելված է հանքարադյունաբերությամբ զբաղվել այն տարածքում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի տեսակներ:

«Այս արգելքը շրջանցելու համար` Ալավերդու Թեղուտի փոխարեն փաստաթղթերում նկարագրվել է Դիլիջանի Թեղուտը: Այս և մի շարք այլ իրավական խախտումները բացահայտող հայցը ներկայացրել ենք դատարան: Նախկինում հայցադիմումը չընդունելը վկայում է այն մասին, որ հայցը դատարան մտնելու դեպքում այն  կհասներ իր նպատակին»,- ասել է Ալումյանը:

Նա պատմել է, որ դատարանից մերժում ստանալուց հետո Թեղուտի պաշտպանության խումբը դիմել է Ժնևում գտնվող Օրհուսի պաշտպանության կոմիտե:

«Օրհուսի կոնվենցիայի գոնե երրորդ` դատական պաշտպանության կետը խախտած չհամարելու համար բնապահպանների կողմից Վերաքննիչ դատարանում բողոքարկված հայցը հետ է ուղարկվել առաջին ատյանի դատարան: Օրհուսի պաշտպանության կոմիտեում գործը փակվելուց հետո, սակայն, վարչական դատարանը կրկին մերժել է դատական հայցը», – ասել է Ալումյանը:

Նա հայտարարել է նաև, որ եթե Օրհուսի պաշտպանության կոմիտեն ընդունի որոշում, որ երրորդ պատարվորությունը ՀՀ կառավարությունը ևս խախտել է, Թեղուտի պաշտպանության խումբը կրկին կդիմի դատարան: