Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիներում հասարարական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը դժգոհ է Արդարադատության նախարարության վերաբերմունքից: Այսօր այս մասին նշվել է Դիտորդական խմբի կողմից հրավիրված հանրային քննարկման ժամանակ:
Դիտորդական խմբի ներկայացուցիչները նշել են, որ Արդարադատության նախարարությունը պատշաճ պատասխան չի տվել խմբի կողմից ներկայացված խնդիրների առնչությամբ:
«Այս քննարկումը մեկ նպատակ ունի, ոչ թե քննադատել Արդարադատության նախարարությանը, այլ ուշադրությունը հրավիրել այ փաստի վրա, որ Դիտորդական խումբը ունի հրատապ հաշվետվության մեխանիզմ, և ԱՆ-ը պետք է վերջապես սկսի տվյալ հարցերի քննությունը», – ասել է Դիտորդական խմբի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Այս ամբողջ ընթացքում մեր կողմից բարձրացված հարցերի պատշաճ վերլուծությունը չի իրականացվել. ԱՆ-ի պատասխանը միշտ եղել է, թե ձեր կողմից ներկայացված հարցերը չեն ապացուցվել մեր վերլուծության կողմից, կամ վերաբերմունքը եղել է իրավաչափ», – իր խոսքում ասել է Դիտորդական խմբի անդամ, փաստաբան Էդմունդ Մարուքյանը:
Ներկայացնելով իրենց զեկույցում ընդգրկված դեպքերից մի քանիսը` Մարուքյանը հայտնել է, մասանվորապես, որ խմբի գործողությունները խոչընդոտել են «Արթիկ» քրեակաատրողական հիմնարկում` չթողնելով մտնել ներս, մի այլ անգամ էլ խմբի անդամների թույլ չեն տվել հանդիպել «Նուբարաշենում» հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալի հետ (ՔԿՀ-ի պետը համաձայնել է զրուցել դիտորդ խմբի ներկայացուցիչների հետ, այսպիսով` խումբը ստացել է միակողմանի տեղեկատվություն):
Մարուքյանը նշել է նաև, որ առաջ քաշված դեպքերի քննության համար նախարարությունը պետք է փոխի իր մարտավարությունը: Օրինակ, խոշտանգումների ենթարկված դատապարտյալի հարցաքննությունը չպետք է տեղի ունենա նրան ծեծի ենթարկած մարդու ներկայությամբ: Նման նախադեպ գրանցվել է, օրինակ, «Վանաձոր» ՔՀԿ-ում:
«Մենք ահազանգ էինք ստացել, որ մի ամբողջ խցում բնակվող մարդիկ ծեծի են ենթարկվել: Այդ մարդկանց վրա խմբի անդամները տեսել են սալջարդեր, կապտուկներ, խումբը գտել է, որ նման դաժան վերաբերմունքը եղել է անհամաչափ: Հետո այդ դատապարտյալները հերքել են իրենց նախկինում տրված ցուցմունքները, քանի որ նրանց հարցաքննել են իրենց ծեծած ՔՀԿ-ի պետի տեղակալի ներկայացությամբ», – ասել է Մարուքյանը: