Նախօրեին ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ մանկապղծության վերաբերյալ օրինագիծ ընդունել է, որը նախատեսում է պատժի խստացում` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում և քիմիական ամորձատում, որը կիրականացվի մեղադրյալի ցանկության համաձայն:
Քիմիական ամորջատման ժամանակ ներարկման միջոցով օրգանիզմ է մտցվում հատուկ դեղամիջոց, որը արգելափակում է տղամարդկային հորմոնի արտադրությունը, ինչը հանգեցնում է սեռական ցանկությունների ճնշմանը:
Ըստ նոր օրենքի`դատապարտվածը կարող է խնդրել քիմիական ամորձատում իրականացնել` պայմանական վաղաժամ ազատ արձակման կամ պատժի մեղմացման վերաբերյալ միջնորդություն ներկայացման պայմանով:
Միաժամանակ պայմանական վաղաժամ ազատ արձակման մասին հնարավոր կլինի խնդրել միայն պատժաժամկետի 4/5-ը կրելուց հետո, նախկինում 3/ 4-ի փոխարեն:
Օրենքը ցմահ ազատազրկում է նախատեսում նաև 12 տարեկանից ցածր երեխաների հանդեպ սեռական ոտնձգություն իրականացրած անձանց համար: Ի դեպ, քրեական հետապնդման համար այլևս պետք չէ ապացուցել` արդյո՞ք կասկածյալը նախապես գիտակցում էր զոհի տարիքը, թե ոչ:
Օրինագիծը խորհրդարանի քննարկմանն էր առաջադրվել 2011 թվականի գարնանը`ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից: