Որևէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար: Այս մասին երեկ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երբ լրագրողը խնդիրել է նրան մեկնաբանել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի խոսքերն առ այն, որ Հոլոքոստ տերմինը կիրառելի չէ Հայոց Ցեղասպանության առումով:
«Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով: Եվ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրների և մի շարք միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:
Երբ Ռաֆայել Լեմկինը (հրեական ծագումով ամերիկացի փաստաբան – խմբ.) առաջին անգամ առաջարկեց Գենոցիդ տերմինը՝ նա հիմնվում էր հենց Հայոց մեծ Եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում:
Կցանկանայի նաև հիշեցնել, որ Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին և վերջապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվել, երբ այդպիսի բան է ասել: Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են, որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքոստ և Ցեղասպանություն», – Էդվարդ Նալբանդյանի խոսքերը մեջբերում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը: