Երեկ Արամի, Բուզանդ, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերի շահերը ներկայացնող երեք մարդու ընդունել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը, ով խոստացել է ինքը զբաղվել բնակիչների խնդրով:
Այս մասին Epress.am-ին հայտնել է բնակիչներից մեկը` Սոնա Մաղաքյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը խնդրի մասին բարձրաձայնել է ԱԺ-ում, ինչից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությությամբ հարցով սկսել է զբաղվել Գառնիկ Իսաղուլյանը: Մինչ այս խնդրով զբաղվել է ֆինանսների նախարարության գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը:
Այսօր Կառավարության շենքի մոտ բնակիչները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Նիստից հետո բնակիչների հետ զրույց է ունեցել Անահիտ Բախշյանը: Վերջինս ասել է, որ երեկ նա հարցը նորից բարձրացրել է ԱԺ-ում, գրավոր դիմել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որպեսզի վերջինս իր ներկայությամբ ընդունի բնակիչներին, լսի նրանց հիմնավորումները:
Թեև դեռ նախարարը չի պատասխանել, սակայն Բախշյանն ասել է, որ, ըստ օրենքի, նախարարը պետք է պատգամավորի միջնորդության համաձայն մոտ օրերս կազմակերպի հանդիպում:
Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: