Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանն այսօր իր նախընտրական հանրահավաքի ժամանակ խոստացել է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից չի ազատի այն պետական պաշտոնյաներին, որոնք ծառայել են ժողովրդին և կոռուպցիոն գործընթացներում ներգրավված չեն եղել:
Հրազդանում կայացած հանրահավաքին, բացի Սասուն Միքայելյանից, ելույթ են ունեցել նրա նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահան Վարդապետյանը, Մեսրոպ Մեսրոպյանը:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Կոնգրեսի արտաքին հանձնախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ով նույնպես եղել է Հրազդանում, հանրահավաքը բավական բազմամարդ էր:
Միքայելյանը հանրահավաքի մասնակիցներին պատմել է, որ Հրազդանի ՋԷԿ-ի ղեկավարը գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի նախընտրական տեսեհոլովակում հայտարարել է, որ վերջինս պրոֆեսիոնալ է իր գործում, բացի դա, լավ էլեկտրիկ է: Սասուն Միքայելյանն այս առնչությամբ կատակել է, որ հենց երկուշաբթի` ընտրությունների հաջորդ օրը, Արամ Դանիելյանին կուղարկի ՋԷԿ, որպեսզի ՋԷԿ-ի ղեկավարը նրան գործի տեղավորի որպես էլէկտրիկ:
Վաղը նախընտրական համերգ է կազմակերպելու նաև Արամ Դանիելյանը: Միքայելյանի խոսքով` դա կլինի գործող քաղաքապետի «վերջին զանգը», որից հետո ինքը Դանիելյանին «հանդիսավոր կերպով կճանապարհի»:
Նշենք նաև, որ վաղը սահմանված կարգով նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, որից հետո թեկնածուներն իրավունք չունեն քարոզչություն իրականացնել:
Լուսանկարները տրամադրել է Հելսինկյան ասոցիացիան