«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ այս տարվա առաջին քառօրյայի առաջին նիստը բոյկոտելը ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը նորմալ է համարում:
«Մի կարևոր օրինագիծ չքվեարկեցինք («Կանխիկ գործառնությունների սահմանափակման» – խմբ.), որոշումը չընդունվեց: Մենք քննարկեցինք մեր խմբակցությունում և եկանք այն եզրակացության, որ այս նախագիծը անհրաժեշտ է, որ օրենք դառնա, բայց ժամանակավրեպ է, և մենք չքվեարկեցինք»,- այսօր ճեպազրույցում ասել է Բալասանյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած քվեարկությանը, երբ պատգամավորները քվեարկում էին մեկը մյուսի փոխարեն, Սամվել Բալասանյանն անկեղծացել է` ասելով, որ, փաստորեն, քարտային համակարգն էլ իրեն չի արդարացնում:
Երեկվա տեղի ունեցածը նա որակել է շոու, որն անիմաստ էր սարքելը:
Միևնույն ժամանակ, Բալասանյանը փորձել է արդարացնել իր գործընկերների վարրքագիծը` նշելով որ ինքը ԱԺ-ում աշխատելու 13 տարվա փորձ ունի և գիտի, որ այս նախընտրական ժամանակահատվածում պատգամավորների բացակայություններ հնարավոր են, քանի որ շատերը զբաղված են մեծամասնականի հետ կապված հարցերով, շատերը գործուղումների մեջ են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկվա միջադեպը հետևյալ կերպ է մեկնաբանել.
«Ինչքան ընտրություններին մոտենում ենք, այնքան դանակավորները շատանում են, մամուլն էլ ոգևորվում է»:
Նա բացառել է, որ իր գործընկերները քվերակում են մեկը մյուսի փոխարեն, մինչդեռ այդ փաստն արձանագրել են ոչ միայն ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողներն ու օպերատորները, այլ հենց ԱԺ-ի տեսախցիկները:
Այս հարցի առնչույթամբ Սահակյանն ասել է, որ այդ ամեն ինչը ոչ կարող է ժխտել, ոչ էլ հաստատել:
«Որովհետև ես հետաքննությամբ չեմ զբաղվում, ինչպես կարող են լրագրողները զբաղվել, պարզապես խորհուրդ կտայի լրագրողներին, որ պետք չէ խորանալ նման տիպի հարցերի մեջ: Պարզից էլ պարզ է, որ այն օրինագծերը, որոնք ընթացս քվեարկության են դրվում, ամենամեծ ձայներով են անցնում»,- ասել է Սահակյանը: