«Ջի Էյջ Սթորիջ էնտերփրայզս» ընկերության բոլոր աշխատակիցները այսօր իրենց բողոքն էին արտահայտում կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեում: Այս մասին Epress.am-ին հայտնել է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ով զբաղվում է ընկերության սեփականատերՍարո Հարթունյանի շահերի պաշտպանությամբ: Աշխատակիցների բողոքի պատճառն այն է, որ իրենք աշխատավարձ չեն ստանում:
Հիշեցնենք, որ ընկերության տնօրեն, սփյուռքահայ գործարար Սարո Հարթունյանը չի կարողանում իր աշխատակիցների աշխատավարձերը վճարել, քանի որ 2012 թ. հունվարի 30-ին ՊԵԿ-ի քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանի որոշմամբ` ընկերության բանկային հաշվեհամարների վրա կալանք է դրվել, ինչը թույլ չի տալիս հաշիվներից գումարի կանխիկացումը, կանխիկ կամ փոխանցմամբ ելքագրումը:
ՊԵԿ-ում հավաքված աշխատակիցները ցանկություն են հայտնել հանդիպել հենց քննիչի` Ռաֆայել Մկրտչյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել նրանց:
Քիչ առաջ նրանց վերջապես ընդունել է ՊԵԿ քննչական բաժնի վարիչ Սարիկյանը, ով ասել է, թե աշխատակիցների աշխատավարձ ստանալը կապ չունի արգելքի հետ:
Հիշեցենք, որ քննիչը արգելիքի սահմանումը բացատրում է հետևյալ կերպ. իբր Նարեկ Հարթունյանը, որ տնօրինել է իր հոր` Գարաբեդ Հարթունյանին պատկանող ընկերությունը, հարկման հիմք հանդիսացող հաշվարկներում ակնհայտ անճշտությունների միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերով 25.278.175 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
«Նման բան Նարեկ Հարթունյանը անել չէր կարող, քանի որ այդ ժամանակահատվածում ոչ թե Նարեկն է տնօրինել ընկերությունը, այլ Սևակ Արզարունին»,- մեզ հետ զրույցում ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` սա երրորդ դեպքն է, երբ արգելք է դրվում ընկերության հաշիվների վրա: Առաջին անգամ դա արվել է օրենքի սահմաններում` համաձայն հարկերի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի, այդ ժամկետը լրացել է 30 օր անց: Հարթունյանը ապա դիմել է դատարան` պահանջելով անվավեր ճանաչել արգելման ակտը: Այս միջնորդությունը ընդունվել է դատարանի կողմից, քանի որ միայն ընկերությանը շենքը գնահատվել է մեկ միլիարդ դրամ, ինչը տասն անգամ ավելին է, քան «ընկերության վրա գրված» 111 մլն դրամի ակտը: Երկրորդ անգամ արգելքը դրվել է քրեական գործի շրջանակներում, ինչը աննհիմն է` քաղաքացիական հայցի պացակայության պայմաններում:
Այս հետևողական պայքարը, ըստ փաստաբանի, վկայում է այն մասին, որ Նարեկ Հարթունյանի դեմ ճնշումները շարունակվում են: