Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Ակտիվիստները հաղթեցին իրենց վրա ցեխ շփած շինարարներին

ՖՈՏՈՇԱՐՔ. Ակտիվիստները հաղթեցին իրենց վրա ցեխ շփած շինարարներին

Այսօր կեսօրից Մաշտոցի պողոտայի՝  Արամի և Բյուզանդի փողոցներին հարող տարածքում՝ Մարգարյանի անվան հիվանդանոցի դիմացի այգու սկզբնամասում տեղի ունեցող հերթական բաղոքի ակցիայի մասնակիցների պահանջն է դուրս բերել շաբաթներ առաջ Աբովյան փողոցից այստեղ տեղափոխված ու տեղադրված կրպակները: Ակցիայի մասնակից բնապահպանները բողոքել են այգում իրականացվող ապօրինի շինարարության, ծառահատումների  դեմ:

«Մենք պահանջում դադարեցնել այս պահին ընթացող շինարարական աշխատանքները ու մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև կգան շինարարությունն իրականացնող ընկերության  ղեկավարները և ցույց կտան օրինական փաստաթղթերը: Այս պահին մենք ստիպեցինք  դադարեցնել այդ աշխատանքները և պետք է տեր կանգնենք մեր առաջին հաղթական  քայլին«,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից, ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:

Ակցիայի մասնակիցների պահանջին հակառակ` շինարարները շարունակել են տարածքում  բետոնապատման աշխատանքները՝ բետոնի շաղախից շփելով  հավաքվածների ուղղությամբ, ինչը վրդովեցրել է ակտիվիստներին: Քիչ ավելի ուշ շինարարները դադարեցրել են աշխատանքն ու հեռացել տարածքից:

«Ապօրինի շինարարություն է գնում, ու ոստիկաններին էլ հորդորում ենք, որպեսզի արգելեն ապօրինությունները, ոչ թե մեզ հսկեն», – ասել է ակցիային մասնակցող բնապահպան Մարիամ Սուխուդյանը (լուսանկարում):

Քիչ ուշ ակցիայի մասնակիցներին են միացել նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը, ակցիային մասնակցում էր նաև «Կանաչների կուսակցության» նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արմենակ Դովլաթյանը:

«Այս այգի տեղափոխված կրպակները հասարակ կամ պատահական մարդկանց չեն պատկանում, այլապես այս այգում չէին հանգրվանի: Հիշում եք` Փափազյան փողոցի կրպակները, մի օրում քանդեցին, այդ խեղճ մարդկանց ոչ լսեցին, ոչ հաշվի առան, իսկ այս դեպքում սուսուփուս Աբովյանից հանեցին, բերեցին այստեղ: Երբ ապամոնտաժում էին այս կրպակները, ուրախացանք, ասացինք՝ ապրի մեր քաղաքապետը, բայց արի ու տես, ինչ կատարվեց: Սա խոսում է ակնհայտ կոռուպցիայի մասին«, – ասել է Անահիտ Բախշյանը:

Պատգամավոր  Լիլիթ Գալստյանի խոսքով՝ Քաղաքապետարանը պետք է շրջահայաց լինի  ու գիտակցի, որ խելամիտ լուծում չի տվել, ու վերջապես փոխի իր որոշումը;

«Չի կարելի 3-4 հոգու շահը վեր դասել ամեն ինչից, ցավոք, այսօր մեր հանրապետությունում ստեղծվել է մի վիճակ, որ ցանկացած իրավունքի համար պետք է պայքարենք: Քանի դեռ մեր քաղաքացիները չեն հասկանում,  թե ում են ձայն տալիս և ոնց ենք մենք գերի ընկնում քաղաքական այդ մեծամանության ձեռքը, պիտի վայելենք դրա պտուղները», -ասել է Գալստյանը:

Նրա հավաստմամբ` այսօր բետոնապատվում է ամբողջ Երևանն, ու սա էլ վառ ապացույցն է՝ իր գավառական նկարագրով:

Ակցիայի մասնակիցների նախաձեռնությամբ  քիչ ավելի ուշ ստորոգրահավաք է սկսվել՝  ի պաշտպանություն այգու: Անցորդների մեծ մասը սիրով համաձայնել է  մասնակցել ստորագրահավաքին: Նրանք իրենց զորակցությունն են  հայտնել մասնակիցներին ու հորդորել քաղաքապետ Տարոն Մարգարյանին վերջ դնել անօրինություններին:

«Բավական չէ՝ այգին են ոչնչացնում, հաշվի չեն առնում անգամ հարևանությամբ գտնվող ծննդատունը, որտեղ ծնվում ու ծնվելու են ապագա երեխաները: Փոխանակ ապահովեն այս տարածքի անդորրն ու կանաչը, ընդհակառակը, խախտում են շրջապատի անդորրը», – բողոքել է Արմինե Սիմոնյանը:

Երեկոյան ժամը 20:00-ի  դրությամբ ակցիան դեռևս շարունակվում էր: Ակցիայի մասնակիցները կանաչ ժապավեններով շրջափակել են տարածքն ու հաղթանակը խորհրդանշող պահապան Ձնեմարդ են պատրաստել:  Ակտիվիստները ցանկացել են մնալ և գիշերել այգում, բայց քանի որ ոստիկաններն արգելել են նրանց ցախ բերել ու վառել՝ տաքանալու համար, բողոքողները որոշել են ուշ երեկոյան հեռանալ՝ վաղը վերադառնալու ու ակցիան շարունակելու մտադրությամբ: