Հայ ազգային կոնգրեսում շարունակում են քննարկել համամասնական ընտրացուցակի կազմման սկզբունքները։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հիմնականում երկու տարբերակ է առաջ քաշվել, ցուցակը կազմել կուսակցական սկզբունքներով կամ ճանաչված անհատների հերթականությամբ։
Սակայն փոքր կուսակցությունները, ինչպիսիք են, օրինակ, «Ազգային վերածնունդը», «Կանաչների կուսակցությունը», «Հայոց հայրենիքը», ցանկանում են, որ համամասնական ցուցակը կազմվի հենց կուսակցական պատկանելության սկզբունքով, որպեսզի մարդ-կուսակցության ղեկավարները հեշտությամբ դառնան պատգամավոր։
Սակայն գերակշռող մեծամասնությունն այս տարբերակին համաձայն չէ. ՀԱԿ-ում կարծում են, որ այդպես անարդար կլինի։ Թերթը գրում է, որ անկուսակցական գործիչներն ու նախկին քաղբանտարկյալները, օրինակ՝ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Մյասնիկ Մալխասյանն ու շատերն այս տարիների ընթացքում շատ ավելին են արել, քան որոշ կուսակցությունների նախագահները։