Twitter միկրոբլոգի ամերիկյան օգտատերերը և դրա չինական անալոգային տարբերակը` Sina Weibo-ն ուրբաթ ուշ գիշերվանից ակտիվորեն լուրեր են տարածում Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանության մասին: Այս առնչությամբ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան, լռում է նաև Կորեայի պետական լրատվական գործակալությունը, գրում է Newsru.com-ը:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ինը ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը 2011 թվականի դեկտեմբերին իր հոր` Կիմ Չեն Իրի մահից հետո:
Միկրոբլոգում «վիրուսի» պես տարածվող տեղեկատվության համաձայն, տեղի ժամանակով շաբաթ վաղ առավոտյան Կիմ Չեն Ինի վրա իբրև թե հարձակում են գործել Պեկինում Հյուսիսային Կորեայի դեսպանատանը, իսկ նրա մարդասպանը սպանվել է ԿԺԴՀ-ի առաջնորդի թիկնապահների կողմից:
Կարծիք կա, որ Կիմ Չեն Ինի մահվան մասին ի սկզբանե լուրեր է տարածել չինական Weibo ծառայությունը: Պատճառն այն է, որ Չինաստանում ԿԺԴՀ-ի դեսպանատան առջև մեքենաների կուտակումներ են եղել, որը գերազանցել է մի քանի տասնյակը:
Եվ թեև Reuters, Huffington Post, Gawker, Forbes պարբերականները հաղորդել են Կիմ Չեն Ինի մահվան մասին տեղեկությունները, այդուհանդերձ, լրագրողների կարծիքով այս լուրերը ոչ այլ ինչ են, քան պարզապես ասեկոսներ, որոնք գալիս են ԶԼՄ-ների համար աշխարհի ամենափակ երկրներից մեկից:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Twitter-ի օգտատերերը սխալմամբ «թաղում» են հայտնի մարդկանց: Օրինակ, 2011-ի մարտին լուրեր տարածվեցին հայտնի դերասան Ջեկի Չանի մահվան մասին, իսկ 2010-ի դեկտեմբերին` ըստ Twitter-ի օգտատերերի` մահացել էր դերասան Չարլի Շինը: