Սերժ Սարգսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծաոուկյանն այս շաբաթ առանձին հանդիպումներ են ունեցել ամենօրյա ռեժիմով։ Այս մասին երեկ «Հայկական ժամանակին» հայտնել են իշխանական աղբյուրները։
Այդ աղբյուրների պնդմամբ, հանդիպումների արդյունքում է ձեռք բերվել Գագիկ Ծառուկյանի մերձավոր Բանգլադեշցի Համիկին ազատ արձակելու պայմանավորվածությունը։
Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այժմ ընթանում են մեծամասնական տեղերի շուրջ բանակցություններ, որպեսզի ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրար դեմ թեկնածուներ չառաջադրեն։ Ըստ այդմ, որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել։
«ՀԺ»-ի աղբյուրների փոխանցմամբ, վիճելի են մնում միայն 8 ընտրատարածքներ, որոնք սկզբունքային են թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի համար: Խոսքը թիվ 3 ընտրատարածքի մասին է (Քանաքեռ-Ձեյթուն), թիվ 6-ի (Աջափնյակ), թիվ 5-ի (Դավիթաշեն), թիվ 21-ի (Արմավիր), թիվ 34-ի (Շիրակի մարզ), թիվ 27-ի (Կոտայքի մարզ) և Կենտրոնի ընտրատարածքներից մեկի։ Ծառուկյան-Սարգսյան ամենօրյա ռեժիմով հանդիպումներն են եղել պատճառը, որ այս շաբաթ կոալիցիայի նիստ տեղի չի ունեցել։