Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մարմնի դիահերձումը ցույց է տվել, որ նրա թոքերում ջուր է կուտակված: Այս փաստը վկայում է այն մասին, որ երգչուհին խեղդվել է` ջրով լցված լոգարանում քնելու կամ գիտակցությունը կորցնելու պատճառով: Մահից հետո ջրի մեջ ընկղմված մարդու թոքերում ջուր չի հավաքվում: Այս մասին հայտնել է «TMZ» կայքը` հղում կատարելով Լոս Անջելեսի Բեվերլի Հիլզ թաղամասի ոստիկանության սեփական աղբյուրներին:
Դիահերձում իրականացրած բժիշկներն այժմ որոշում են թոքերում ջրի առկայության ծավալը: Այս փաստը կարող է որոշիչ լինել մահվան իրական պատճառը պարզելու հարցում: Հետաքննիչները դեռևս վերջնական եզրակացություն չեն տալիս այն մասին` արդյոք երգչուհին մահացել է ջրի մեջ ընկղմվելուց առաջ, թե հետո, նշում է TMZ-ը:
Հիշեցնենք, որ 48-ամյա երգչուհին մահացել էր փետրվարի 12-ին Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի համարում: Ոստիկանությունը հենց սկզբից բացառել է սպանության վարկածը:
«Թիկնապահը» ֆիլմում «I Will Always Love You» երգով հայտնի դարձած երգչուհուն իր համարում հայտնաբերել էր նրա թիկնապահը: Շտապօգնությունն անմիջապես տեղ էր ժամանել, սակայն երգչուհուն կյանքի բերելու բոլոր փորձերը անհաջողությամբ են ավարտվել: