Մերձփարիզյան Նոժան-սյուր-Մարն քաղաքի քաղաքապետ Ժակ Մարտենը պատվիրել է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ, նախկին ֆոտոմոդել և երգչուհի Կարլա Բրունիի դիմագծերով արձան, հայտնում է Agence France-Presse-ը:
Քաղաքապետի մտահղացման համաձայն, հուշարձանը պետք է հավերժացնի իտալացի կանանց կերպարը, որոնք աշխատել են տեղի թռչնաբուծական գործարանում: Սակայն Le Parisien պարբերականին հայտնի է դարձել, որ արձանի համար որպես բնորդուհի է հանդես եկել նախագահի կինը: Լրագրողների տեղեկությունների համաձայն, հուշարձանը 82 հազար դոլար է արժենալու:
Բրունիի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ նա որպես բնորդուհի է եղել քանդակագործ Էլիզաբեթ Սիբոյի մոտ: Բրունիի մամլո քարտուղարը հերքել է այն լուրերը, թե Բրունիի շուրջ անձի պաշտամունք է ստեղծվում: «Կարլան Ժաննա դ´Արկը չի և ոչ էլ Շարլ դը Գոլը.- հայտարարել է նա: -Նա նախկին մոդել է և մշակույթի հետ կապված բազմաթիվ առաջարկներ է ստանում»:
Ինչպես գրում է The Guardian-ը, քաղաքապետ Ժակ Մարտենը Սարկոզիի «Հանուն ազգային շարժման միության» անդամ է:
Ընդդիմադիր սոցիալիստ գործիչները դատապարտել են նախագիծը: Նրանք վիրավորական են համարում «չափազանց հարուստ կնոջ» կողմից չափազանց աղքատ կանանց մարմնավորելը: