Այսօր երեկոյան Երևանի կենտրոնում` Մարգարյանի անվան հիվանդանոցի դիմաց գտնվող այգու սկզբնամասում, բնապահպանները պատրաստվում են վառել Տեառնընդառաջի խարույկը, չնայած ոստիկանների արգելքներին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել են այգում երեք օր շարունակ բողոքի ակցիա անցկացնող բնապահպանները և մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների անդամները: Վերջիններս պահանջում են տվյալ հատվածում չկառուցել Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները:
«Որևէ տեղ օրենքում նշված չէ, թե կրակ վառելն արգելված է, բայց մեր ոստիկանները ուշիմ կերպով հետևում են, որպեսզի այստեղ կրակ չվառվի: Նախօրդ օրը, երբ տաքանալու համար ուզում էին ցախ վառել, ոստիկանները կտրուկ արգելեցին, այդ պատճառով էլ այստեղ չգիշերեցինք: Նրանց խոսքով՝ կեղտոտում ենք տարածքն ու անօրինական գործողություններ անում: Մենք անընդմեջ հսկվում ենք ու ժամանակ առ ժամանակ նկարահանվում ոստիական-օպերատորների տեսախցիկներով», – Epress.am-ի հետ զրույցում ասել են ակցիայի մասնակիցները:
Նրանց խոսքով` չնայած սարսափելի ցրտին, իրենք երրորդ օրն է, ինչ հսկում են այգին:
«Բարեբախտաբար, մեր ճնշումները ապարդյուն չեն անցել՝այգում որևէ շինարարական աշխատանք չի կատարվել: Այսօր կրկին բանվորներն եկան ու աշխատելու փորձ արեցին, սակայն մեր համառ դիմադրությանը հանդիպելով՝ հեռացան: Նրանցից մեկը, մեզ տեսնելով ասաց՝ էլի մուֆտա տեղն եկանք, մեկա, չեն թողնելու գործ անենք», – պատմել է ակցիայի մասնակից Եղիա Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ակտիվիստներից երեք հոգու վաղը հրավիրել է հանդիպման:
«Մենք գնալու ենք մեկ պահանջով՝ վերացնել ապօրինի շինություններն ու այգին վերադարձնել իր նախկին տեսքին: Եթե անգամ պարոն Մարգարյանը մեզ մերժի, մենք շարունակելու ենք պայքարել այնքան ժամանակ, մինչև մեր երկրի իշխանությունները հաշվի կնստեն մեզ հետ: Առայժմ որդեգրել ենք քաղաքակիրթ պայքարի ձևն ու ուզում ենք այս կերպ մեր ձայնը լսելի դարձնել», – նշել է բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
Ակցիայի մասնակիցների նախաձեռնությամբ այգում բացվել է փոքրիկ ցուցահանդես՝ հին Երևանը խորհրդանշող նկարներով:
«Այստեղ ներկայացված են իմ վերջին ութ տարիների աշխատանքները, որտեղ հին Երևանն է՝ իր շինություններով: Նկարներն այստեղ ցուցադրելու նպատակն այն է, որ անցորդները տեսնեն, թե ինչպիսի հրաշալի շինություններ են քանդվել ու փոխարենը ինչ անճաշակ նորակառույցնմեր են վեր խպոյանում: Իմ մանկություննն անցել է այս այգում և, երբ ուզում եմ համեմատել նախկին Երևանն ու իմ մանկության այգին այսօրվա հետ, ուղղակի բառեր չեմ գտնում: Սա էլ բողոքի իմ ձևն է», – ասել է նկարների հեղինակ Հայկ Բիանջյանը:
Մինչ ակցիայի մասնակիցները զրուցում էին լրագրողների հետ, բանվորների ուղեկցությամբ շինտեխնիկան դուրս բերվեց շինհրապարակից: Բողոքողները ծափողջույններով ճանապարհեցին նրանց՝ հույս հայտնելով, որ այլևս դրանք չեն վերադառնա այգի:
«Շատ շուտով այսեղից դուրս կբերվեն նաև այս շինություններն ու կգրանցենք մեր հերթական հաղթանակը», – համոզմունք են հայտնել ակցիայի մասնակիցները:
Չնայած ցրտին, ակտիվիստները մնալու են այգում մինչև ուշ երեկո ու հսկելու են, որպեսզի որևէ շինարար այգի մուտք չգործի: Ակտիվիստների հավաստմամբ` այս երեք օրերի ընթացքում ի նշան այգու կառուցապատման դեմ բողոքի իրենք մոտ 500 ստորագրություն են հավաքել, և շարունակելու են դա անել: Վաղն այդ ստորագրությունները նույնպես ներկայացվելու են քաղաքապետին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը շինարարների և ակտիվիստների մեջ ընդհարում էր տեղի ունեցել. բնապահպանները ձնագնդիկներով հարվածել էին բանվորներին, իսկ վերջիններս ցեխ էին նետել բողոքողների վրա: