Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը անձամբ է հետևել կիրակի օրը Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին:
«Այնտեղ բուռն պայքար էր ծավալվել: Կային երկու ուժեղ թեկնածուներ», – երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում պատմեց Հեֆերնը` նշելով, որ ընտրությունների օրը անձամբ է այցելել Հրազդան:
«Ինձ համար իսկապես հետաքրքիր էր իրական քաղաքական մրցակցություն տեսնել այստեղ, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է նաև առաջիկա [խորհրդարանական] ընտրությունների համար», – դեսպանի խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոկայանը:
Հեֆերնը պատմեց, որ Հրազդանում հանդիպումներ է ունեցել երկու կողմերի, ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացուցիչների, գործընթացը վերահսկող դիտորդների հետ:
«Ես ուրախ էի տեսնել, որ ընտրատեղամասերում ամեն ինչ կարգին էր: Երկու կողմերն էլ հավաստիացրեցին, որ ընտրական գործընթացն անցնում է թափանցիկ և պատշաճ կերպով», – նշեց ԱՄՆ-ի դեսպանը:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ Հրազդանում ընտրախախտումներ են տեղի ունեցել, Ջոն Հեֆերնը պատասխանեց. – «Ես տեսել եմ մամուլում, ինչպես նաև լսել եմ որոշ ընտրախախտումների մասին, և հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր ընտրախախտումների մասին տեղեկություններ ունեն, դրանք կփոխանցեն իշխանություններին, և ես ակնկալում եմ, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն դրանց առնչությամբ»:
Հրազդանի գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը ընտրություններում մոտ 1573-ով ավելի ձայն էր հավաքել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանից և վերընտրվել քաղաքապետի պաշտոնում: