Home / Հայաստան / Ապագա խորհրդարանը` ՀԱԿ-ի, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար. ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կարող են դուրս մնալ

Ապագա խորհրդարանը` ՀԱԿ-ի, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար. ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կարող են դուրս մնալ

2012 թվականի մայիսին ընտրվելիք խորհրդարանում Հայ Ազգային Կոնգրեսը, Հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գրեթե հավասար կազմեր կարող են ունենալ, եթե ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն գրագետ համագործակցեն և թույլ չտան ՀՀԿ-ին «նկարչություն անել»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Ըստ քաղտեխնոլոգի` այդ երեքն են քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժերը: Երկրորդ` պակաս ազդեցիկ ուժերի կատեգորիայիում Բադալյանն առանձնացրել է ՀՅԴ-ին և «Ժառանգությանը»:

«Խիստ կասկածում եմ, որ ՀՅԴ-ն տեղ կգտնի ապագա խորհրդարանում: ՀՅԴ-ն հետընթացի տենդենց ունի, որը փոխելելու պատճառ չկա: Ծովից ծով Հայաստանի կողմանկիցները չեն ավելացել, ՀՅԴ-ի առանջնորդները չեն փոխվել: «Ժառանգությունը» ևս պոտենցիալ չունի: Դա լիդերային կուսակցություն է, իսկ Րաֆֆի Հովհաննսիսյանը հազարից մեկ է երևում ասպարեզում», – ասել է Արմեն Բադալյանը:

Մնացած ուժերը, բանախոսի որակմամբ, փաստացի «մեռած» ՕԵԿ-ը և «վիրտուալ» կուսակցությունները, այդ թվում` «Ազատ դեմոկրատները», կոմունիստները և այլք, ԱԺ մտնելու շանս չունեն:

«Նկարչություն լինելու է, բայց ինչ չափով` դա է հարցը: Խելամիտ չհամագործակցելու դեպքում ՀԱԿ-ը ոչինչ չի կորցնի` նա կշարունակի մնալ ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ի համար պահը վճորոշ է: ԲՀԿ-ին չի ներվելու այն, որ նա չդարձավ ՀՀԿ-ի կցորդը»,- ասել է Բադալյանը:

Ասուլիսի մյուս մասնակից քաղաքագետ Կարեն Քոչարյանը, ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցությանը անդրադառնալով, կարծիք է հայտնել, որ նման հնարավորություն չկա, քանի որ ԲՀԿ-ն չի դառնա ընդդիմադիր ուժ: Ըստ նրա` ԲՀԿ-ն ի սկզբանե երբեք չի եղել քաղաքական ուժ, և այդ կուսակցության միակ քաղաքական դեմքը Նաիրա Զոհրաբյանն է:

«Ավանդական ընտրակեղծիքները քիչ են լինելու: Առնելու են ձայները:  Սա ապացուցեցին նաև Հրազդանի ընտրությունները»,- ասել է Կարեն Քոչարյանը: