Չորս օր շարունակ Մարգարյանի անվան հիվանդանոցի դիմաց գտնվող այգու սկզբնամասում կրպակների տեղադրման դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասնակից բնապահպաններին այսօր առավոտյան վրդովեցրել էին շինարարների կողմից իրականացվող աշխատանքները:
Մի քանի բանվորներ շինղեկի ուղեկցությամբ եկել են այգի՝ կիսատ թողած գործերն ավարտելու համար:
«Շինարարական աղմուկի ձայն լսեցինք, եկանք տեսնելու՝ ինչ է կատարվում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Եղիա Ներսիսյանը:
Մի քանի ակտիվիստներ փակել էին կրպակի մուտքը՝ արգելելով բանվորներին ներս մտնել: Շինարարության ղեկավարը երկար հորդորել է թույլ տալ ներս անցնել ու մի քանի ջրի խողովակներ մոնտաժել: Նրա խոսքով՝ ինչով են մեղավոր բանվորները, ում հանձնարարված է գալ ու շարունակել կիսատ գործերը:
«Այս մարդիկ (նկատի ունի բանվորներին-խմբ.) եկել են Հոկտեմբերյանից, Աբովյանից ու մի փոր հացի համար այդքան ճանապարհ են անցել: Մյուսը եկել է, որ աշխատանքի դիմաց գումար ստանա, հիվանդանոցում հիվանդ ունի ու մի շարք հարցեր, որոնց համար այս մարդկանց գումար է հարկավոր», – ասել է շինղեկը:
Չնայած տարատեսակ պատճառաբանություններին, բնապահպանները երկար բանակցել են ու մտավախություն հայտնել, որ ցանկացած ոք կարող է գալ ու նման պատճառաբանություններ ներկայացնել:
«Եթե ամեն օր մեկը գա ու խնդրի, որ թույլ տանի մեկ-երկու գործ անի, ուրեմն ինչ իմաստ ունի մեր այսքան օրերի պայքարը: Թող սպասեն մինչև երեկո, մինչև կտեսնեք՝ ինչ որոշում է կայացնելու քաղաքապետը, այնուհետ պարզ կլինի՝ ինչ ենք անելու», – բողոքել է ակտիվիստ Արման Յարալյանը:
Շինարարության ղեկավարը հորդորել է այսօր թույլ տալ բանվորներին աշխատել, այնուհետ, քաղաքապետի հետ հանդիպումից հետո, եթե կարիք լինի՝ ինքը անձամբ է գալու ու ապամոնտաժելու ջրի խողովակները:
«Թույլ ենք տալիս, բայց միայն այսօր: Եթե պայմանը խախտեն, անձամբ ես եմ գալու ու կոտրեմ այս կրպակի ապակին, ինքս էլ ապամոնտաժելու եմ այդ խողովակները», – ասել է Եղիա Ներսիսյանը:
Քիչ անց մեկ-երկու բանվոր սկսել են խողովակների մոնտաժման աշխատանքները: Բողոքի ակցիայի մասնակիցները շարունակել են իրենց ակցիան՝ հույս ունենալով, որ այսօր երեկոյան այս հարցը արդեն լուծված կլինի:
«Քաղաքապետի հետ հանդիպումից պարզ կլինի նրա դիրքորոշումը (չնայած արդեն պարզ է՝ նա կողմ է, որ կրպակները մնան այստեղ), բանավոր արդեն հայտարարել է, ամեն դեպքում մնալու ենք այնքան , մինչև այս հարցը կլուծվի: Անձամբ ես չեմ պատրաստվում զիջել ու հեռանալ», – ասել է Արման Յարալյանը:
Նրա խոսքով՝ ակտիվիստներից շատերն անկողնային վիճակում պառկած են, քանի ոստիկաններն իրենց թույլ չեն տվել կրակ վառել տաքանալու համար:
«Բոլորն էլ լավ գիտեն, եթե թույլ տան տաքանալու միջոց տեղադրել այստեղ, մեզանից ոչ ոք այստեղից չի հեռանա: Սա իշխանությունների կողմից իրականացվող խորամանկ քայլերց մեկն է, նպտակա ունի կոտրել մեզ ու հեռացնել այգուց», – ասել է Յարալյանը: