«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա սյունակում անդրադարձել է փետրվարի 12-ին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին.
«Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները բացահայտեցին այն մոդելը, որն իշխանությունն ընտրել է գալիք խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար։ Չեն լինելու լցոնումներ, չի լինելու ընտրական տեղամասերում տուրուդմփոց, իշխող կուսակցությունները հնարավորինս խուսափելու են բոլոր տեսակի տհաճ միջադեպերից։ Տեղամասերում լույսերն անջատելը պարզապես «ռետրո» էր, տուրք 90-ականների ավանդույթներին, անիմաստ մի քայլ, որի արդյունավետությունը հավասար է զրոյի` նման բան, կարծում եմ, էլ չի կրկնվի։ Այդ ամենի փոխարեն, ըստ այդ ծրագրի, իր որոշիչ դերն է խաղալու ընտրողներին կաշառելը, որը, ճիշտ է, կիրառվում է 95 թվականից, բայց մասշտաբներն այս անգամ տպավորիչ են լինելու։ Նման «տեխնոլոգիայի» համար, կարծում եմ, պարարտ հող կա, որովհետև մեր հասարակության մեջ գերիշխող տրամադրությունն է` «մեկ է, այս երկիրը չի դզվի»: Իսկ եթե այդպես է, ապա ի՞նչ տարբերություն` նրա՞նք, թե՝ սրանք, գոնե մի երկու կոպեկ փող աշխատենք։
Ասել, որ նման տրամադրությունների համար բացարձակապես ոչ մի հիմք չկա, չափազանցություն կլիներ։ Իհարկե, Սասուն Միքայելյանն ավելի խարիզմատիկ անձնավորություն է և հայրենիքի աոաջ անհամեմատ ավելի մեծ ծառայություններ ունի, քան գորշ և ոչ մի բանով աչքի չընկնող չինովնիկ Արամ Դանիելյանը։ Բայց եթե պարոն Միքայելյանը նույնիսկ երդվի, որ նախկինում պատգամավոր դառնալու համար նա ընտրակաշառք չի բաժանել և վարչական ռեսուրս չի կիրառել, ես, օրինակ, նրան չեմ հավատա։ Նախկին իշխանավորները, չգիտես ինչու, վստահ են կամ վստահեցնում են, թե նրանք իշխանավոր են դարձել ժողովրդի` իրենց նկատմամբ բուռն սիրո արդյունքում, իսկ ահա ներկայիս իշխանությունների հանդեպ ժողովուրդը նույնքան բուռն ատելություն ունի և կարող է «կողմ» քվեարկել միայն կաշառքի դիմաց։ Ինձ թվում է, դա մոլորություն է` բոլորի նկատմամբ կա հավասարաչափ և խորը անտարբերություն։ Եթե սերը ընդդիմադիր թեկնածուի հանդեպ այդքան անդիմադրելի լիներ, մարդիկ 5 հազար դրամի դիմաց նրա մրցակցին ձայները չէին տա։ Արժե՞ արդյոք զարմանալ, որ մրցակիցդ նույնն է անում, ինչ որ ժամանակին դու ես արել։
Մի հանգամանք ևս. երբ նախարարն իրեն փողոցում դիմած քաղաքացուն անվանում է «բոմժ», երբ անգրագետ և լկտիացած պատգամավորն իր գործընկերոջն անվանում է «հայվան», մենք իրավամբ ընդվզում ենք դրա դեմ։ Նույն ռեակցիան պետք է լինի այն ժամանակ, երբ Facebook-ում Սասուն Միքայելյանի կողմնակիցները ընտրակաշառք վերցրած [իրենց կարծիքով՝ հազարավոր) մարդկանց անվանում են «անասուն» և «պուտանկա»: Մանավանդ, կրկնեմ, որ այդ պրակտիկան շրջանառության մեջ է դրել հենց այն թիմը, որն այսօր անհաշտ ընդդիմություն է և բողոքում է ընտրակաշառքների դեմ»։