«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձ օրն անցկացրել է 25/16 ընտրական տեղամասում, որը գտնվում է Ջրառատ թաղամասում. դա Հրազդանի վարչական տարածքի մեջ մտած գյուղ է։
Այսօրվա խմբագրականում Փաշինյանն իր կարծիքն է հայտնում ընտրությունների ընթացքի մասին.
Փաշինյանը նշում է, որ ընտրական վիճակագրությունն այդ տեղամասում այսպիսին էր. ցուցակներում ընդգրկված էր 1890 ընտրող, քվեարկությանը մասնակցեց 1353 ընտրող, ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Սրամ Դանիելյան` 656 ձայն. Սասուն Միքայելյան՝ 653 ձայն։ 44 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։ Քվեարկության ընթացքում աղաղակող միջադեպեր չարձանագրվեցին։
«Ժամը 12.30-ից սկսած՝ մարդիկ տեղամաս մտնելու համար պետք է հերթ կանգնեին, որովհետև հոսքը այնքան մեծ էր, որ հսկայական կուտակումներ էին աոաջանռմ։ Մի պահ իրավիճակն այնքան լարվեց, որ կարգ պահող ոստիկաններն ու հերթի մեջ կանգնած ընտրողները իրար հետ բղավելով էին խոսում, հրմշտոց էր առաջանում ու նեղսրտություն: Ընտրողները ստիպված էին երբեմն ժամ-ժամուկես սպասել քվեարկելու իրավունքին արժանանալու համար։ Եվ այս պայմաններում միշտ չէ, որ հնարավոր էր լինում պահպանել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որ քվեարկության սենյակում միաժամանակ չեն կարող լինել 15 ընտրողներից ավելի։
Հընթացս այս հարցն էլ կարգավորվեց, բայց հերթը պահպանվեց մինչև 19.40-ի կողմերը՝ տեղամասի դռները փակվելուց 20 րոպե աոաջ։ Օրվա ընթացքում մեզ մտահոգող կանխատեսումը, թե կլինեն մարդիկ, ովքեր չեն հասցնի քվեարկել, չիրականացան», – գրում է Փաշինյանը։
«ՀԺ»-ի խմբագիրը նշում է, որ ամեն դեպքում օրվա ընթացքում հասկանալի էր, որ մասնակցությանը ռեկորդային է լինելու, որովհետև ընտրական տեղամաս էին բերվում մարդիկ, ովքեր սովորական պայմաններում չպիտի բերվեին։
«Այսպիսի ամենացնցող օրինակը մոտ 70-ամյա մի տղամարդ էր, ով տեղամաս մտնելով սկսեց արցունքն աչքերին պատմել, որ իրեն ընտրության են բերել հիվանդանոցից, ըստ էության` վերակենդանացման բաժանմունքից։ Իր ասելով, ընդամենը երկու օր աոաջ է վիրահատվել, բայց իրավիճակն այնպիսին էր, որ պիտի գար ընտրության։ Քվեաթերթիկ ստացավ, անցավ ընտրական խցի հետև և խցի վրայից սկսեց հարցուփորձ անել, թե ոնց պետք է քվեարկի։ Հանձնաժողովի անդամներից մեկը բացատրեց, որ երկու թեկնածու կա քվեաթերթիկում, առաջինը` Արամ Դանիելյանը, երկրորդը` Սասուն Միքայելյանը, և ում ուզում է ձայն տալ, նրա անվան դիմացի վանդակում պետք է նշան անի։ Ու մինչ կհասցներ ասել, որ նշանը v-աձև պետք է լինի, մարդը արդեն ինչ-որ սխալ նշան էր դրել և սրանից ավելի սրտնեղեց։ Նրան բացատրեցինք, որ սխալի դեպքում կարելի է նաև նոր քվեաթերթիկ ստանալ։ Նա քվեաթերթիկը բաց-բաց պարզեց հանձնաժողովի անդամին, և ես տեսա, որ նշանը դրել է Արամ Դանիելյանի անվան դիմաց:
Երբ գիշերն անց վերադարձա Սասուն Միքայելյանի շտաբ, ու տղերքն ինձ ասացին, որ Արամ Դանիելյանը հաղթանակի կապակցությամբ հրավառություն է արել, ես քար կտրեցի։ Այդ մարդիկ չեն հասկանամ, որ այս և այսօրինակ ընտրություններով ավելի են խորացնում ատելությունն իրենց նկատմամբ։
Մահամերձ կամ վիրահատված մարդուն տեղամաս բերելը, էդ նվաստացման ճանապարհով անցկացնելը ախր չի կարող անհետևանք մնալ։ էդ վիրահատված մարդուն որ ընտրական տեղամաս են բերել, ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են բերել։ Նրա անօգնական վիճակից են օգտվել, մի բան խոստացել են, մի փաստարկով պարտադրել։ էդ մարդու ընտանիքը որքան էլ հնազանդորեն գա քվեարկի, հետո ո՞նց կարող է չատել իրեն քվեարկության գնալ պարտադրածին։ Եվ սա միակ դեպքը չէր. տատիկներ, պապիկներ, ովքեր ակնհայտորեն լավ վիճակում չեն, ովքեր դժվարանում են երկու բառ ասել, բերվում էին ընտրական տեղամաս, այստեղ հայտարարում, որ ի վիճակի չեն ինքնուրույն քվեարկել և քվեարկում էին ուղեկցող թոռնիկների կամ որևէ այլ անձի օգնությամբ՝ ԿԸՀ սահմանած կարգով։ Թող ներվի ինձ այս արձանագրումը, բայց տեղամաս էին բերվում մտավոր թույլ կարողություններ ունեցող անձինք, քվեարկում էին նույն կերպ և քվեարկում էին, բնականաբար, Արամ Դանիելյանի օգտին։ Դա իմանում էի խոսակցությունից, հաճախ նրանց ուղեկցող անձինք էլ էին շփոթվում և քվեաթերթիկը բաց վիճակում դուրս բերում խցիկից։ Ետ էինք ուղարկում, ծրարել տալիս, բայց այդ ընթացքում տեսնում էինք նրանց ընտրությունը:
Այդ ամբողջական օրը, որ անցկացրի ընտրական տեղամասում, ինձ համար շատ բացահայտումներ արեցի, նորովի տեսա Հայաստանը կամ լսածիս մասին ամբողջական պատկերացում կազմեցի։ Ինձ ցնցեց այն փաստը, որ տեղամաս եկող տղամարդկանց 70 տոկոսի անձնագրերի կրկնակազմերին, շապիկներին ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ռուսաստանի Դաշնության զինանշանն է պատկերված, և վրան էլ գրված «РОССИЙСКАЯ ФЕДЕРАЦИЯ» «ПАСПОРТ» բառերը։ Այդ մարդկանց անձնագրերի մեջ ռուսերեն ներդիրներ կային, որ առաջին անգամ էի տեսնում։
Ռուսական զինանշանով շապիկ, ռուսերեն ներդիր ունեցող հայկական անձնագրերով մարդկանց հոսքը դեպի ընտրական տեղամաս զարհուրեցնող տեսարան էր։ Այդ մարդիկ վերջին շաբաթներն են ապրում Հայաստանում կամ գուցե օրերը, ուր որ է հերթական անգամ մեկնելու են Ռուսաստան, որովհետև ընտանիք պահելու ուրիշ տարբերակ չունեն։ Հայրենիք–խոպան, խոպան-հայրենիք՝ այս գծի վրա նույնիսկ կարելի է շփոթվել, և 25/16 տեղամաս եկածներից շատերը գուցե թե վերջին անգամ են Հայաստանում մասնակցում ընտրությունների, նրանցից շատերը գնալու և այլևս չեն վերադառնալու։
Երբ ինձ ասացին, որ Արամ Դանիելյանը հաղթանակի կապակցությամբ հրավառություն է արել, ուղղակի ապշեցի և փորձեցի հիշել՝ բարեկեցիկի կամ թեկուզ «միջին խավի ներկայացուցչի» հագուկապով քանի՞ հոգու եմ տեսել 25/16 տեղամասում։ Մատներիս վրա կարող եմ հաշվել։
Ու եթե միջին քաղաքացու հագին նոր շոր ու կոշիկ ես տեսնում, չես կարող չնկատել. աղաղակում է այն փաստը, որ էդ կոշիկն ու էդ շորը ձեռք են բերվել անմարդկային ճիգերի գնով, դա չինական ամենաէժան շորն է, ամենաէական կոշիկը։ 25/16 տեղամասում Արամ Դանիելյանը հաղթել է՝ 656 ձայն է ստացել։ Բայց այդ 656 քաղաքացիներից քանի՞ հոգի կա, որ Դանիելյանի հաղթանակը իրենն է համարում։ Երաշխավորում եմ՝ 50-ից ոչ ավելի։ Մնացածը քվեարկել են ոչ թե որովհետև իրենք են որոշել, այլ որովհետև ստիպված են եղել, իրենց փոխարեն ուրիշներն են որոշել։ Այս պնդման ապացույցը հիվանդասենյակից տեղամաս բերված քաղաքացին էր, որ սևացած մատներով քվեաթերթիկ ստանալիս լացում էր, որ վիրահատվել է ընդամենը երկու օր առաջ, իսկ այսօր ստիպված է ներկայանալ ընտրական տեղամաս», – գրում է Նիկոլ Փաշինյանը: