2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ու փաստաբան Մուշեղ Շուշանյանը երեկ մասնակցել են Իջևանում կայացած նիստին, սակայն դատավորի որոշումից հետո բոյկոտել են նիստը ու հեռացել դահլիճից:
Նիստի ժամանակ դատավոր Սամվել Մարդանյանն ասել է, որ ինքը գրություն է ստացել գործով անցնող կարևոր վկայից` Արման Մնացականյանից, որում նշված է, որ վերջինս հիվանդ է և չի կարող մասնակցել դատական նիստերին: Մնացականյանը խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը:
Դատավորի նման հայտարարությունից հետո տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասել է, որ եթե դատավորը հրապարակի վկայի նախաքննական ցուցմունքը, ապա տուժող կողմը չի մասնակցի այս դատական նիստին:
«Դատարանը նոտարի գրասենյակ չի, որ վկային չի հարցաքննում ու հրապարակում է նրա նախաքննական ցուցմունքը: Սա արդեն իսկ վկայում է, որ դատավորը հաստատում է մեղադրական եզրակացությունը»,- ասել է Շուշանյանը:
Դատավորը, այնուամենայնիվ, բավարարել է վկայի խնդրանքը, իսկ տուժողը կողմը լքել է դատարանի դահլիճը:
Մեղադրյալներն ու նրանց պաշտպանները դեմ են եղել, որ առանց տուժող կողմի դատական նիստը շարունակվի, սակայն դատավորը շարունակել է այն:
Նշենք նաև, որ մեղադրյալներից Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Սամվել Մարդանյանին: Միջնորդության հիմքում Գևորգյանը դրել է դատավորի կողմնակալությունը, նաև այն հանգամանքը, որ վերջինս դատական նիստը Երևանից տեղափոխել է Իջևան, ինչին դեմ են եղել բոլոր կողմերը: Միջնորդությունը Մարդանյանը ևս մերժել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տուժող կողմը գործի վերաբերյալ տեղեկանք էր հրապարակել, որում նշվում էր, որ դատարանում տված իր նախորդ ցուցմունքներում Արման Մնացականյանը հայտարարել էր, որ քննիչն է գրել իր նախաքննական ցուցմունքը, բայց ինքն է ասել ինչ գրել:
«Չնայած դրան, վկան չկարողացավ պարզաբանել ցուցմունքում օգտագործված մի շարք բառեր, իսկ «ձախ նախաբազուկի» փոխարեն ցույց տվեց իր մեջքը: Վկան մի քանի անգամ պնդեց, որ սպանությունը տեղի է ունեցել ոչ թե հուլիսի 27-ին, ինչպես նշված է պաշտոնական վարկածով, այլ մեկ օր առաջ՝ 26-ին: Նա պնդեց նաև, որ սպանությունից առաջ հենակետ է բարձրացել գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանը, ում մասին նախաքննությունը պնդում էր, որ ամբողջ ժամանակ արձակուրդում է եղել և հենակետ չի բարձրացել: Վկան հայտնեց նաև, որ իրեն դեպքից հետո տարել են Բերդ քաղաքի ռազմական ոստիկանություն և այնտեղ պահել 23 օր: Մնացականյանի այլ ցուցմունքներ հակասում էին իրար, ինչպես նաև՝ նախաքննական ցուցմունքներին», – նշում է տուժող կողմը` հայտարարելով, որ վկայի վրա ճնշում է գործադրվում պաշտոնական մարմինների կողմից: