Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանն ի պատասխան` Ահմադինեժադի վարչակազմը դադարեցրել է նավթի մատակարարումը 6 եվրոպական երկրներ: Դադարեցվել է իրանական նավթի հոսքը դեպի Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա և Պորտուգալիա, հաղորդում է Press TV-ն:
Այս քայլով Թեհրանը առաջ է անցել եվրոպացիներից, որոնք մտադիր էին հրաժարվել իրանական նավթից հուլիսի 1-ից: Ընդունելով պատժամիջոցների փաթեթը հունվարի վերջին` Եվրամիությունը հետաձգեց դրանց իրականացումը մինչ ամառ, որպեսզի հասցնի նոր նավթային պայմանագրեր կնքել: Սակայն Իրանը անմիջապես հայտարարեց, որ ինքն անձամբ կդադարեցնի նավթի մատակարարումը Եվրոպային` չսպասելով էմբարգոյին:
Նշենք, որ ԵՄ-ն հանդիսանում է իրանական նավթի երկրորդ խոշոր սպառողը Չինաստանից հետո: Մատակարարման դադարեցումը կարող է խնդրահարույց լինել հենց եվրոպացիների համար, մասնավորապես, Հունաստանի համար, որը լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած: Աթենքը երկիր մտնող նավթի մոտ մեկ չորրորդը ներմուծում է Իրանից:
Այժմ Հունաստանը և մյուս սպառողները ստիպված կլինեն այլընտրանքային աղբյուրներ փնտրել: Ինչպես նշում է հեռուստաալիքը, ամենայն հավանականությամբ Մահմուդ Ահմադինեժադի ռեժիմի «բռնապետական նավթը» կփոխարինվի Սաուդյան Արաբիայի ճիշտ, «դեմոկրատական վառելանյութով»: