Դերասանուհի, մանկական «Կյանք պարգևիր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Չուլպան Խամատովային ստիպել են նկարահանվել ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի քարոզչական տեսահոլովակում` սպառնալով դադարեցնել հիմնադրամի և մանկական հեմատոլոգիայի կենտրոնի ֆինանսավորումը: Այս մասին gazeta.ru-ին հայտնել է հիմնադրամում պարբերականի աղբյուրները:
«Մեզ բոլորիս կարգադրել են լռել: Այո, նրան ստիպել են, սպառնացել: Ոչ անձամբ նրան, սպառնացել են երեխաներին, հիմնադրամին և հեմատոլոգիայի կենտրոնին, սպառնացել են փակել օդը, դադարեցնել ֆինանսավորումը: Նրանք պատանդներ ունեն»,-ասել է աղբյուրը` տեսանյութի հեղինակների պահանջները որակելով որպես «ահաբեկիչների պահանջներ»:
Պարբերականի թղթակցի հարցին` անձամբ Խամատովայից խոսքերի հաստատում ստանալու հնարավորության մասին, աղբյուրը պատասխանել է, որ նա մեկնաբանություններ չի տալիս այս առնչությամբ:
Նախօրեին համացանցում հայտնվել էր Խամատովայի մասնակցութայամբ քարոզչական տեսանյութ, ով ասում է, որ քվեարկելու է վարչապետ Վլադիմիր Պուտինի օգտին, որովհետև նա միշտ կատարում է իր խոստումները: Տեսանյութը լայն հասարակական արձագանք գտավ: Վարչապետի կողմնակիցները գրել էին, որ Խամատովան անկեղծորեն պաշտպանում է Պուտինին, իսկ քննադատները տեսանյութը «պատանդի ուղերձ» էին անվանել` հղում կատարելով այն փաստին, որ, իրենց կարծիքով, Խամատովան ճնշված տեսք ուներ, ձայնն էլ անվստահ էր: