Ազգային Ժողովում այսօր մեկնարկել են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին խորհրդարանական լսումները, որոնց ներկա են բոլոր խորշոր քաղաքական ուժերը` խորհրդարանական խմբակցությունները և արտախորհրդարանական քաղաքական կառույցները:
ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը դեմ է հանդես եկել ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելուն` նշելով, որ այդ դեպքում թուլանում է ուղիղ կապը ընտրողի և ընտրված պատգամավորի միջև: Հարությունյանի խոսքով` համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում գտնվող դեմքերը հաճախ հրաժարվում են պատգամավորական մանդատից, և այդ դեպքում խորհրդարան են անցնում հանրությանը ոչ այդքան հայտնի մարդիկ:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ «լավագույն մոդել» գոյություն չունի` ընդգծելով ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու թույլ կողմերը: Ըստ նախարարի` այն հանգեցնում է բարդությունների հաշվարկի և վերահսկողության ընթացքում, ինչպես նաև սրում է ներկուսակցական մրցակցությունը:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը չի համաձայնել գործընկերների հետ` նշելով, որ հայաստանյան իրողությունն այն է, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները «նշանակված ֆեոդալներ են», ինչը բացասաբար է ազդում Ազգային ժողովի աշխատանքների վրա, որը քաղաքական մարմին է և ոչ թե «ասֆալտ փռող կամ տանիք վերանորոգող» տեղական ինքնակառավարման մարմին:
Անկուսակցական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով ԱԺ և ոչ մի խմբակցությունում ընդգրկված չէ, ընդգծել է, որ ոչ մի մեծամասնական համակարգ չարժէ, որ անգամ երկու մարդ իրար հետ թշնամանան:
«Մեծամասնականով ընտրությունների հետևանքը լինում է թշնամանքը մարդկանց միջև», -ասել է Խաչատրյանը:
Նա նշել է, որ ընտրվել է մեծամասնական ընտրակարգով և մի շարք օրինագծեր է ներկայացրել, որոնք չեն անցել, քանի որ ինքը որևէ քաղաքական ուժ չի ներկայացնում: Սույնով Խաչատրյանը փաստել է, որ մեծամասնական ընտրակարգն անարդյունավետ է, որոշողը քաղաքական ուժն է մնում:
Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու կողմնակից է նաև ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ այն պդնումները, թե համամասնականի անցնելու դեպքում կտրվում է կապը պատգամավորի և ընտրողի միջև, անհիմն են, քանի որ, մասնավորապես, մարզերում ընտրված պատգամավորները չեն բնակվում այն բնակավայրերում, որտեղից ընտրվել են` ապրելով Երևանում, և ընտրողները նրանց չեն ճանաչում: Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ինքն անգամ նման պատգամավորների ցուցակ է կազմել, սակայն չի հրապարակի, որ նրանք անհարմար վիճակում չհայտնվեն: