Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի դիմաց գտնվող այգում, բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների և ոստիկանների միջև վեճ է ծագել:
«Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության հաղորդման մեջ նշվում է, որ ակտիվիստներն այսօր փորձել են ցելոֆանե տոպրակ ամրացնել այգում տեղադրված կրպակի երկաթե կարկասի վերևում` ձնից պատսպարվելու համար:
Նրանց մոտեցել են 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Ակտիվիստների կարծիքով` դրանք հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն էին:
Նախաձեռնությունը նշում է, որ վերջիններս ոստիկանություն են կանչել և ոստիկանները երիտասարդներին ասել են, թե «վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել» և կես ժամ ժամանակ են տվել երիտասարդներին տոպրակը հանելու համար:
Այս պահին ակտիվիստները գտնվում են այգում, քիչ անց Epress.am-ը մանրամասներ կներկայացնի ընթացող ակցիայի մասին:
Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները քաղաքապետարանից պահանջում են այգում չտեղադրել Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները: