ԲՀԿ-ն ընդունել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` կուսակցության անդամ դառնալու դիմումը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԲԿՀ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով` դեռևս հայտնի չէ, թե կուսակցության համամասնական ցուցակում Օսկանյանը որ տեղը կզբաղեցնի:
«Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մեր ցուցակները դեռ քննարկման փուլում են: Ես դեռ չեմ կարող ասել` կուսակցթյան որ անդամները կլինեն դրանցում ու որ համարի տակ»,- ասել է Զոհրաբյանը:
Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել փետրվարի 12-ին:
«Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ», – հայտարարել էր Օսկանյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար 1998 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից և այդ պաշտոնում աշխատել է տասը տարի` հեռանալով համակարգից 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: 2008 թվականի մարտի 1-ին, երբ վաղ առավոտյան ուժայինները Ազատության հրապարակում ցրեցին ընդդիմության հանրահավաքը, Վարդան Օսկանյանը դարձավ այն պաշտոնյան, ով մամուլի ասուլիսով հանդես եկավ` բացատրելով իշխանությունների դիրքորոշումը:
2011 թվականի փետրվարին նա բացատրել է իր քայլը` նշելով, որ ներողություն չի խնդրի, քանի որ մարտի 1-ի համար իրեն մեղավոր չի համարում:
«Նման իրավիճակում լռությունն ամենավտանգավոր բանն է, և պետք է գտնվեր մեկը, որ կարողանար խոսել ժողովրդի հետ: Ես կոչ եմ արել ընդդիմությանը երկխոսության: Այնպես որ, ես այդ իրադարձությունների կանխարգելման փորձ արած անհատ եմ», – ասել էր Օսկանյանը: