2007 թվականին սպանված լրագրող, «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Ստամբուլի դատախազի գրասենյակի ղեկավարի տեղակալին, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցի 24 քաղծառայողների դեմ Դինքի հանդեպ իրականացված հանցագործության հետ ենթադրյալ կապի համար:
«Եթե Էրհան Թունչելը (ոստիկանության տեղեկատու, գործով անցնում էր որպես մեղադրյալ) անմեղ է ճանաչվել և կարող է արդարացվել, և եթե նա չի մասնակցել հանցագործությանը, հետևաբար այլ մեղավորներ կան այստեղ»,- Hürriyet պարբերականի հետ զրույցում հայտարարել է Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը` Ջեմ Հալավուրտը:
Դինքի գործով կասկածվող քաղծառայողների թվում են Ստամբուլի նախկին քաղաքապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ջելալեթին Մուամար Գյուլերը, Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ, իսկ այնուհետև Օսմանիեի նահանգապետ Ջելալեթին Չերան, ինչպես նաև Ռամազան Աքյուրեքը, ով այդ ժամանակ ոստիկանական հետախուզության ղեկավարն էր:
«Վերոնշյալ քաղծառայող կասկածյալները մարդասպանություն են իրագործել անտարբերության միջոցով` չկատարելով իրենց պարտականությունները Հրանտ Դինքի սպանությունը կանխելու համար»,-ասված է փաստաբանների դիմումի մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Դինքի սպանության գործով վերջնական վճիռ էր կայացվել, որի արդունքում դատապարտվել էր միայն մեղադրյալներից մեկը` Յասին Հայալը, իսկ 19 մեղադրյալներ տվյալ գործով արդարացվել էին:
Հավելենք, որ ավելի ուշ Թուրքիայի Արդարադատության գլխավոր խորհուրդը կարգադրել էր հետաքննություն սկսել Դինքի գործով գլխավոր դատավորի և դատախազի նկատմամբ վճռից հետո մամուլում նրանց կողմից արված մի շարք հայտարարությունների առնչությամբ: