Փետրվարի 17-ին ժամը 17.00-ին Երևանի Չեխովի անվան դպրոցում Բրիտանական խորհուրդը կազմակերպում է Դիքենսյան ռինգ, որի ընթացքում անգլիացի գրող Չարլզ Դիքենսի ստեղծագործությունների վերաբերյալ իրենց գիտելիքներով կմրցեն 4 դպրոցի 32 աշակերտ: Աշակերտների ուշադրության կենտրոնում կլինեն «Օլիվեր Թվիստ» և «Սուրբ ծննդյան երգը» ստեղծագործությունները, Դիքենսյան ռինգը գրողի 200-ամյակին նվիրված ամբողջ աշխարհում նշվող միջոցառումների շարքի մաս է կազմում:
Բրիտանական խորհուրդն իր մամուլի հաղորդագրության մեջ նշում է, որ դեռ նախորդ տարի դեկտեմբերին Բրիտանական խորհուրդը Dasaran.am կայքի հետ համատեղ հայտարարել էր շարադրությունների մրցույթ «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր», «Դիքենսի հերոսն իմ ընկերը» և «Դիքենսի կերպարը սոցիալական կայքերի հերոս» թեմաներով: Աշակերտները ներկայացրել էին անգլերենով գրված ավելի քան 600 շարադրություններ, որոնցից ընտրվել են լավագույն 32-ը: Փետրվարի 25-ին, ժամը 14.00-ին Կոնգրես հյուրանոցի շքասրահում տեղի կունենա մրցույթի արդյունքների ամփոփումը: Մրցանակի կարժանանա չորս շարադրություն, որոնց հեղինակները կպարգևատրվեն համակարգչով, DVD նվագարկիչով և Kindle Reader-ներով:
Փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ Բրիտանական խորհուրդը կկազմակերպի Դիքենսի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի դիտումներ և քննարկումներ: