Փետրվարի 15-ին Երևանում կայացել է Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ) և Հայ Ազայնականների Համախմբում (ՀԱՀ) կազմակերպությունների Միասնական Խորհրդի նիստը, որտեղ որոշվել է ձևավորել Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինք: Նման դաշինքով, որը կոչվում էր Հայ Արիական Բռունցք (ՀԱԲ), ազգայնականները մասնակցել էին նաև 2003 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Համաձայն Միասնական խորհրդի հաղորդագրության, ներկայումս ստեղծվող դաշինքի մեջ կընդրկվեն ազգայնական կառույցների ներկայացուցիչներ և անհատ ազգայնականներ:
Հայ ազգայնականները նշում են, որ ակնկալում են «ազգայնական ուղղվածությամբ հայորդիների աջակցությունը, ովքեր ընտրելու իրավունք կամ հարազատներ ունեն Հայաստանում», և չեն բացառում, որ կարող են մասնակցել նաև ՀՀ նախագահի հերթական ընտրություններին, որը կկայանա 2013 թվականին:
«ՀԱՄ և ՀԱՀ Միասնական Խորհրդը որոշել է աջակցել այն քաղաքական ուժերի տեսակետին, որոնք կողմ են ընտրությունները համամասնական և մեծամասնական համակարգով անցկացնելուն: Հայ արիականներն ու ազգայնականները վստահ են, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցականացումը կդադարեցնի անկախ մտավորականների և անհատականություն ունեցող անձանց քաղաքական գործունեությունը, ինչը միայն վնասաբեր կլինի հայության ներուժի դրսևորման համար: Եթե մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մեծ մասը ընտրակաշառքները տալիս է ընտրողներին, ապա միայն համամասնականի դեպքում` ընտրակաշառքները տրվելու են այս կամ այն կուսակցությանը», – նշված է դաշինքի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ընտրությունները համամասնական և մեծամասնական համակարգով անցկացնելուն կողմ է իշխող Հանրապետական կուսակցությունը:
Ազգայանականները նշում են, որ իրենց նախընտրական դաշինքը ԱԺ ընտրություններին հանդես կգա կամ Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ) ընտրացուցակով կամ կգրանցի Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը (ՀԱՈւՆԴ)` որպես քաղաքական միավոր: