Հոնդուրասի նախագահ Պորֆիրիո Լոբոն ժամանակավորապես աշխատանքից հեռացրել է Կոմայագուայի բանտի տնօրենին, ինչպես նաև ազգային բանտային համակարգի ղեկավարին, այն բանից հետո, երբ երեկ զանգվածային հրդեհի հետևանքով կրկնակի անգամ բեռնավորված բանտում ավելի քան 350 կալանավորներ են զոհվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երեքշաբթի գիշերը Կոմայուգա քաղաքի բանտում զանգվածային հրդեհ էր բռնկվել: Պաշտոնական տվյալներով հրդեհը 358 մարդու կյանք է խլել:
Երկրի գերագույն դատարանի դատավոր Ռիչարդ Օրդոնեզը հայտնել է, որ բանտը թույլատրելիից կրկնակի անգամ շատ կալանավորներ ուներ: Կալանավայրում 586 բանտարկյալներ կային:
Տեղի նահանգապետ և բանտի նախկին աշխատակից Պաոլա Կաստրոն լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ կալանավորներից մեկը հրդեհից րոպեներ առաջ կանչել է իրեն և ասել, որ պատրաստվում է հրդեհել բանտը և սպանել բոլորին:
Ողբերգությունից փրկված ականատեսները վստահեցնում են, որ անանուն բանտարկյալը բղավել է. «Մենք բոլորս կմեռնենք այստեղ», երբ այրել է իր անկողինը:
Հրդեհի պատճառների վերաբերյալ, սակայն, տարբեր վարկածներ կան:
«Ալ Ջազիրայի» թղթակցի հաղորդմամբ` ոմանք ասում են նաև, որ բանտը դրսից է հրդեհվել:
«Կրակը տարծվել է րոպեների ընթացքում `անմիջապես այրելով մոտ 100 բանտարկյալների իրենց խցերում այն ժամանակ, երբ հրշեջները փորձում էին գտնել բանալիներ ունեցող պաշտոնյաներին, – ասել է Կոմայագուայի հրշեջ ծառայության խոսնակը: Մենք չէինք կարողանում նրանց ազատ արձակել խցերից, որովհետև բանալիներ չունեինք և չէինք էլ կարողանում գտնել հսկիչների, որոնցից կարող էինք վերցնել դրանք», – ասել է խոսնակը:
Մյուս բանտարկյալներին ավելի ուշ ազատել են խցերից, սակայն շատերը մահացել են ծխախեղդ լինելու պատճառով:
Կայքը նշում է, որ Հոնդուրասի իշխանությունները վաղուց չեն կարողանում վերահսկել բանտերում տիրող իրավիճակը: