Դատավորի ուզածն էր, որ տուժող կողմը չմասնակցի դատերին, քանի որ մասնակցությունը դժվարացնում էր իրենց համար ծածկադմբոց անել գործը. հիմա դատական նիստերը Իջևան են տեղափոխել հենց այդ պատճառով:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Իջևանում կայացած նիստի ժամանակ դատավորի տուժող կողմը լքել է դատական դահլիճն այն բանից հետո, երբ դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է հիմք ընդունել գործով անցնող առանցքային վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքը` պարտադիր չհամարելով նրա ներկայությունը դատարանում:
«Եթե հիշում եք Պաշտպանության նախարարի խոսնակը (Դավիթ Կարապետյան – խմբ.) հայտարարել էր, թե նախարար Սեյրան Օհանյանի միջամտությամբ էր, որ գործը բերվեց Երևան: Էդ ժամանակ իրականում ներկայացվել էին բազմաթիվ միջնորդություններ գործը Երևան բերելու, որոնցից մեկն էլ քննության առնելով` դատավորը որոշեց բավարարել այն: Դա մեր կողմի ներկայացրած միջնորդությունն էր, որին համաձայնեցին բոլոր պաշտպանները, ինչպես նաև մեղադրող դատախազը: Իմիջիայլոց, դատախազը հիմա էլ մասնավոր զրույցերում ասում է, որ իրեն հարմար չի Իջևանում նիստերին մասնակցել: Այդ հայտարարությունից հետո մի եզրակացության կարելի է գալ` հիմա գործը Իջևան է տեղափոխվել դարձյալ Սեյրան Օհանյանի հրամանով: Ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ շատ ավելի բարձր հրամաններով: Մանավանդ երբ մի փաստ շատ ակնառու է: Ո՞նց են Արտակ Նազարյանի, Տիգրան Առաքելյանի և Մարգար Օհանյանի դատավարություները նշանակվում միշտ նույն օրերին… որպեսզի լուրերի թողարկումները վերածվեն 02-ի խրոնիկայի և հասարակությանը չհասնի սոցիալական լրջության որևէ ուղերձ: Ակնհայտ է, որ դատավարությունների ժամկետից սկսած, վայրից սկսած, որոշվում են ինչ-որ շատ բարձ օղակներում», – ասել է Ծովինար Նազարյանը:
Կառավարության նիստի ավարտից հետո շենքից դուրս եկած ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մոտեցել է Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Նրան հետևել են լրագրողները:
Տեսնելով լրագրողներին` Սեյրան Օհանյանը, ով մինչ այդ կանգնած էր, տեղից շարժվել է` դիմելով հավաքվածներին, այդ թվում նաև լրագրողներին.
«Հիմա ամբողջ ճանապարհով սենց ինձ հետևելո՞ւ եք: Եկեք ոտքով գնանք պաշտպանության նախարարություն իրար հետ: Գնա՞նք, գնա՞նք ՊՆ-ը միասին: Ոտքով եկեք գնանք»:
Դրանից հետո Հասմիկ Հովհաննիսյանը դիմել է նախարարին իր որդու գործով նիստը դարձյալ Երևան տեղափոխելու խնդրանքով: Նախարարը նշել է, որ ինքը կողմերի համար ստեղծել է բոլոր պայմանները Իջևան գնալու համար:
Հովհաննիսյանն ասել է, որ այդ առումով ինքն առարկություն չունի, և դրա համար շնորհակալություն հայտնել է, սակայն, նրա խոսքով, «դատը Երևան բերել է պետք»:
Նախարարը խոստացել է, որ «կրկին կփորձի ինչ-որ բան անել»:
Օհանյանը շարունակել է զրույցը բանակում զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսի հետ, իսկ քիչ հեռու Epress.am-ի թղթակիցը նկատել է, որ մի տղամարդ և երկու կին սկսել են վիճել բողոքող մյուս ծնողների հետ:
Տղամարդն ու կանայք հորդորել են Սեյրան Օհանյանին չմեղադրել` նշելով, որ նա բազմաթիվ բարի գործեր է կատարել: Սա զայրացրել է ծնողներից ոմանց: Զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրն ի պատասխան բղավել է. «Ո՞վ ա ասում վատ մարդ ա, ամեն մարդ իրա համար շատ լավ մարդ ա, մեզ ինչ»:
Լեզվակռիվը շարունակվել է, և կողմերը հանդարտվել են միայն այն բանից հետո, երբ կառավարության շենքի մոտ կանգնած մարդիկ և ոստիկանները միջամտել են: