Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությունը, որը տեղի կունենա փետրվարի 18-ին, ուղիղ եթեր ռեժիմով կհեռարձակվի համացանցում, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Հազարավոր երկրպագուներ կկարողանան հրաժեշտ տալ իրենց սիրած երգչուհուն համացանցի միջոցով:
Հյուսթոնը հողին կհանձնվի իր հարազատ Նյու Արքե քաղաքի Նյու Հոուփ բապտիստական եկեղեցում: Փոքր տարիքում նա երգել է այս եկեղեցու երգչախմբում:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացավ փետրվարի 11-ին Լոս Անջելեսում 48 տարեկան հասակում: Նրա մարմինը հայտնաբերվել էր «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի համարի լոգարանում սպասարկող անձնակազմի կողմից: ԶԼՄ-ների տեղեկություններով` Հյուսթոնը ամբողջությամբ ջրի մեջ ընկղմված է եղել, սակայն դեռևս կենդանի էր: Նրա մահն արձանագրել են դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները:
Երգչուհու մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: ԶԼՄ-ներում այս առնչությամբ տարբեր վարկածներ են շրջանառվում: Առավել տարածված վարկածներից մեկի համաձայն, նրա մահվան պատճառ կարող էր դառնալ ալկոհոլը և հանգստացնող դեղամիջոցները միմյանց հետ խառնելը: Մահվան պատճառների վերաբերյալ վերջնական եզրակացությունը կհրապարակվի 4-6 շաբաթների ընթացքում:
Փետրվարի 12-ին երգչուհու մարմինը տեղափոխվել է նրա հարազատ Նյու Ջերսի նահանգ: