Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով առաջին դատական նիստը:
Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Համաձայն մամուլի տեղեկատվության, Թամամյանը ներգրավված է երկու գործում, որի ընթացքում նա միջամտել է քննությանը և այն սխալ ուղով տարել:
Գործերից մեկը վերաբերում է 2010 թվականի մայիսին տեղի ունեցած Խաչիկ Մկրտչյանի սպանությանը: Թամամյանի ձերբակալությունից հետո այս գործում շրջադարձ եղավ. սպանության մեջ մեղադրվող Արսեն Ահարոնյանի վրայից մեղադրանքը հանվեց և դրվեց Վռամ Բաղդասարյանի վրա, ով նախորդ տարվա վերջին 14 տարվա ազատազրկման դատապարտվեց: Մյուս գործը վերաբերում է 2010 թվականին Գավառ քաղաքում Թամամյանի կողմից հովանավորվող Արամ Մարտիրոսյանի կողմից իրականացված սպանության փորձին:
Գործով որպես մեղադրյալներ են անցնում նաև ոստիկաններ Արմեն Պողոսյանը և Վահան Խանզադյանը, որոնց ևս առաջադրվել է նույն մեղադրանքը:
Խանզադյանի շահերի պաշտպանության համար հանրային պաշտպան է նշանակվել Ռուզաննա Սիրեկանյանը: Քանի որ վերջինս ծանոթ չի եղել գործին, նա 10 օր ժամանակ է խնդրել դատավորից, որպեսզի ծանոթանա 22 հատորանոց գործին:
Դատավոր Արշակ Վարդանայնը բավարարել է միջնորդությունը և հետաձգել է դատական նիստը` նշանակելով այն մարտի 6-ին, ժամը 12:00:
Նիստից հետո լրագրողները հարցեր են ուղղել Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանին: Վերջինս հիմնականում հարցերին չի ցանկացել պատասխանել` կարծիք հայտնելով, որ դա կարող է ազդել իր պաշտպանյալի գործի վրա: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թամամյանը կընդունի իր մեղքը, փաստաբանը նշել է, որ ամեն ինչ կիմացվի դատավարության ժամանակ:
Նա նաև նշել է, որ լրագրողների ցանկացած հրապարակում կարող է ազդել դատավարության վրա և այդ պատճառով էլ առայժմ զերծ է մնում որևէ մեկնաբանություն տալուց: