«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ըստ որի Զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, «Սարդարապատ» շարժումը համարում է գործող ռեժիմի հերթական ապազգային քայլ: Այս օրինական փոփոխության մասին իրենց տեսակետը լրագրողներին հայտնել են շարժման նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուքասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը:
«Էսպիսի տարածաշրջանում իշխանությունը պետք է հասկանա, որ ամբողջ ժողովուրդն է բանակ: Ժողովրդին երկու մասի բաժանելը, մի մասը մյուսին հակադրելը ծայրահեղ արկածախնդրություն է մեր պես երկրի համար: Ոչ միայն ժողովրիդից պաշտպանվելու համար է, այլ ամբողջ ժողովրդին հպատակեցնելու»,- ասել է Գարեգին Չուքազսյանը:
«Մեր բանակը ծնվել է ժողովրդի ծոցից: Այս օրենքով բանակը փորձում են օտարել մեր ժողովրդից: Մինչ այս միայն օտար զորքերն են հարձակվել մեր ժողովրդի վրա: Անհեթեթություն կա, առանց այն էլ պատրաստ են միշտ օրենք խախտել: Ռեժիմում տեղի է ունենում սերնդափոխություն, նոր երիտասարդներ են գալիս, որ ավելի բռնատիրական խորհուրդներ են տալիս»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը:
Այս որոշմամբ, Գարեգին Չուքազսյանի դիտարկմամբ, իշխանությունը մատնում է իր ներքին թերությունը, ներքին դժգոհություն է առաջացնում բանակի առողջ մասում և վերջապես ցույց տալիս ընդդիմական զանգվածի օգտակար գործողության գործակիցը, որը հավասար է զրոյի. ինչի ապացույցն է այն, որ օրինագիծը ընդունվել է զրո «դեմ» ձայնով:
Կեղծ համակարգում ընդդիմություն լինելը բանախոսը համեմատում է կազինոյում կազինոյի դեմ խաղալու հետ, ինչը ապացուցվել է նաև Հրազդանի ընտրություններում: «Սակայն չմասնակցելը պատասխան չէ, ընդդիմություն լինելու ռազմաբարությունը իր բնույթով պետք է փոխվել»,- ասել է Չուքասզյանը` վերահաստատելով «Սարդարապատի» որոշումը` չմասնակցել ընտրություններին:
Ժիրայր Սեֆիլյանը հորդորել է այս քայլը չհամարել ընտրությունների բոյկոտ: «Սարդարապատը» կարծում է, որ իրենց ընդդիմադիր համարող ուժերը պետք է հրաժարվեն ռեժիմի կողմից կազմակերպված որևէ խաղի մասնակցել: