ՍԴՀԿ-Սերժ Սարգսյան հակասությունը սկսվել է նրանից, երբ 2007 թվականին ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և Գառնիկ Մարգարյանը նամակ են գրել ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին, որը վերաբերել է Սերժ Սարգսյանի եղբորը` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին: Այս մասին այսօր հայտարարել է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
«Ինչն էր շարժառիթը` «Հայկական ժամանակ»-ում այսպիսի մի հոդված կար, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, ինչ-որ մի թաղման ժամանակ հայտարարել էր, որ «ինչ ա եղել, ոնց որ 27-ին մի ութ հոգու խփեցին, մենք էլ մի տաս հոգու կխփենք, ամեն ինչ կանցնի կգնա: Մենք նամակ գրեցինք, ստորագրեցինք և ուղարկեցինք Աղվան Հովսեփյանին, որ խնդրում ենք, էս հրապարակումով, էս փաստով քրեական գործ հարուցել և ստուգել փաստերը: Քանի որ հայտարարություն է եղել սպանությունների մասին»: Իհարկե, մեր նամակը մնաց անպատասխան, բայց 2008 թվականի մարտի մեկին իրոք սպանեցին 10 մարդու: Այսինքն, էն հայտարարությունը կատարվեց: Այ էդ պահից արդեն պլանավորվեց ՍԴՀԿ-ն վերացնելու ծրագիրը»,- ասել է Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նամակ էր ստացել Գևորգ Պերկուպերկյանից, որը առանց ամսաթվի մի փաստաթղթով եռօրյա ժամկետում պահանջում է հանձնել կուսակցության ատրիբուտները:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով` հիմա` ընտրություններին ընդառաջ, իշխանությունները փորձում են թյուրիմացությունը առաջ տանեն, որպեսզի «վաղը ցուցակները գրանցելու ժամանակ ասեն` զեղծարարություն են արել»:
«Մեր թշնամությունը, մեզ հետապնդումը, նույնիսկ այն, որ ինձ հանիրավի կես տարի պահեցին բանտում, ուղիղ կապված է այդ նամակի հետ: Եղբայրը ասեց` տասը մարդ կսպանենք, տասը մարդ սպանեցին մարտի մեկին, մինչև այսօր էլ Աղվան Հովսեփյանը չի պատասխանել մեզ: Ի դեպ, նամակն ուղարկելուց հետո էլ զանգահարել ենք և իմացել ենք, որ նամակը դատախազությունում ստացել են, իսկ այդ նամակը հայտարարություն է եղել հանցագործության մասին»,- ասել է Գուրգեն Եղիազարյանը:
Լուսանկարը` hraparak.am-ի