15.55 Քիչ ուշ` ժամը 16:00-ին, Մաշտոցի պուրակում բողոքի ակցիայի մասնակիցները կստանան իրենց հուզող հարցերի վերջնական պատասխանը: Հատուկ նրանց համար պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա քաղաքապետարանի ներկայացուցիչը: Այս մասին տեղեկացրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և ակցիայի մասնակիցներին տեղեկացրել է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Ակցիայի ակտիվիստներից մի քանիսը իրազեկման երթով շրջել են քաղաքում ՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին:
Այս պահին շարունակվում է բնապահպանների ակցիան Մաշտոցի պուրակում: Նրանք Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանից պահանջել են դադարեցնել այսօր առավոտից այգում վերսկսված շինարարական աշխատանքները՝ մինչ Քաղաքապետարանն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
Բնապահպանները մտահոգված են, որ այդ աշխատանքները վնասում են շրջակա ծառերին: Չնայած նրանց ներկայացրած պահանջին՝ շինարարությունն այգում դեռևս չի դադարեցվել:
13:19 Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի ամդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանում հեղափոխական ալիք սկսվի, ապա այն սկսվելու է հենց Մաշտոցի այգուց: Նրա խոսքով` թեև պայքարող երիտասարդները թվով շատ չեն, բայց նրանք որակ են ապահովում, և հենց այդ որակը վերջ կտա իշխանություններին:
13:18 Այս պահին բողոքողները, որոնց միացել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, սպասում են մինչ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը կբերի շինարարության օրինականության մասին փաստող թղթեր:
13:17 Ակտիվիստները պնդում են, որ այսօր չեն պատրաստվում հեռանալ այգուց անգամ գիշերը, չնայած ցրտին:
13:04 Մաշտոցի պուրակում բնապահպանների պայքարին միացել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով նախորդ տարվա վերջին ակտիվիստների հետ պայքարում էր Քաջարանի հարակից տարածքում հանքի շահագործումը թույլ չտալու դեմ:
11.51 Մինչ ոստիկանները հսկում են կրպակները, ակտիվիստները փակել են տարածք ժամանած բետոնախառնուրդ տեղափոխող մեքենայի ճանապարհը` շարվելով մեքենայի առջև և թույլ չտալով առաջ շարժվել: Վարորդը իջել է մեքենայից` սպառնալով ակտիվիստներին հետևյալ խոսքերով. «Հիմա լոմով կտամ գլխներիդ»:
11.35 Մաշտոցի պողոտայում գտնվող Մարգարյանի անվան հիվանդանոցի դիմացի այգում այս պահին լարված իրավիճակ է: Ոստիկանենրը շուրջ մեկ շաբաթ բողոքի ակցիա անցկացնող բնապահպաններին թույլ չեն տալիս մոտենալ կրպակներին: Հիշեցնենք, որ ակտիվիստները մեկ շաբաթ թույլ չէին տալիս շինարարներին աշխատել կրպակների մոնտաժման վրա` նշելով, որ այգում նման շինարարության համար հիմքեր չկան:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այս պահին ոստիկանները պատ են շարել կրպակների դիմաց, իսկ շինարրաները սկսել են աշխատանքները: Այս փաստը առաջացրել է ակտիվիստների, ինչպես նաև նրանց աջակցող ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դժգոհությունը:
Ակտիվիստները նշում են, որ ոստիկաններն ու շինարարություն իրականացնողները «թուրքերից վատն են» ու «ապականում են քաղաքը»:
Դեպքի վայր են եկել նաև «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուքասզյանը, Կանաչների կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանը: Մարդկանց հոսքը այգու տարածքմեծանում է: