Երեկ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ստացել է նամակ, որում Գևորգ Պերկուպերկյան անունով մեկը, ներկայանալով որպես ՍԴՀԿ ատենապետ, պահանջում է եռօրյա ժամկետում իրենց կուսակցությանը հանձնել կուսակացության դրոշը, գրանցման վկայականը, կնիքը կուսակցության փաստաթղթերը, գույքը, արխիվը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Բացի դրանից, դատական մի քանի ատյաներով նրանք փորձեցին վիճարկել իմ ատենապետության օրինականությունը (պետռեգիստրում որպես ՍԴՀԿ ատենապետ է գրանցված Լյուդմիլա Սարգսյանը): Դատական երկու վճիռներով հաստատվեց այդ օրինականությունը, և 2010թ. հունվարի 9-ին նորից ես վերընտրվել եմ ԿՎ ատենապետ, դրան հետևեցին մի քանի դիմում-բողոքներ ոստիկանություն` արդեն վճիռներից հետո: Դրա արդյունքում ոչ մի բանի չկարողացան հասնել, հետագայում գնացին այս կեղծիքներին, որի մասին մենք իմացանք երեկ: Ապշած ենք, որ մեր դատական համակարգը` իր բոլոր թերություներով, բացթողումներով հանդերձ, կարող էր գնալ նման կեղծիքի», – ասել է Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով` ՍԴՀԿ-ն այն կառույցը չէ, որի մասին տարին մեկ են լսում. «մենք ամեն օր մամուլում ենք, շատ տեսանելի կուսակցություն ենք, որպեսզի արդարադատության նախարարությունը կամ պետռեգիստրը տեղյակ չլիներ, որ կա գործող կառույց, որը համապատասխան օրենքների, օրինական է գործում դաշտում, և գնային նման ապօրինութույնների:
Լյուդմիլա Սարգսյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ փորձ արվեց ՍԴՀԿ-ի անվան տակ նոր գրանցում կատարել, որը կանխվեց իրենց կողմից պետռեգիստրում և դրանից հետո գրանցվեց առանձին Հնչակյան կուսկացություն, որի ատենապետն էր Գևորգ Պերկուպերկյանը:
«Փաստը մեկն է. Հայաստանում կա գրանցված Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, դա մենք ենք, և դա ոչ մեկը չի կարող վիճարկել, բոլոր փաստաթղթերով, մտավոր սեփականության գործակալությունում գրանցած մեր զինանշանով, դրոշով: Եվ ապշելու բան է, թե ինչի վրա են հույսները դրել, և արդարադատությունը և պետռեգիստրը, որ մտածել են, որ կարող են նման խարդավանքի գնալ և մարսել դա», – ասել է ՍԴՀԿ ատենապետը:
Նա նաև տեղեկացրել է, որ կուսակցությունը երեկ նամակ է ուղղել Արդարադատության նախարարին` պահանջելով բացահայտել կեղծիք իրականացնողներին և պատժել նրանց:
«Մի բան հստակ է` մեր երկրում չկա արդարադատություն, չկա անկախ իրավական համակարգ, մենք ունենք բազմաթիվ փաստեր, բայց սա բոլոր տեսակի երևակայություններից դուրս է, սա ակնհյատ կեղծիք է, որը ուղղորդված է հենց իշխանությունների կողմից»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը:
ՍԴՀԿ ատենապետը հիշեցրել է, որ իրենց կուսակցության հանդեպ այս ոտնձգությունները սկսվել են 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ իրենք միացան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը, իսկ այնուհետեև մաս կազմեցին Հայ Ազգային Կոնգրեսին: