Բրիտանական անվտանգության (MI5) ծառայությունը բացել է անգլիացի և ամերիկացի հայտնի կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ Չարլի Չապլինին վերաբերող «գործը», որը երկար ժամանակ պահվում էր Ազգային արխիվում, հայտնում է The Guardian-ը: Գերատեսչությունը սկսել է հետևել դերասանին Դաշնային հետախուզական բյուրոյի պահանջով: Դաշնային Բյուրոն տեղեկություններ էր հավաքում դերասանի վերաբերյալ նրան ԱՄՆ-ից արտաքսելու համար, քանի որ Չապլինը կասկածվում էր կոմունիստների հանդեպ համակրանք ունենալու մեջ:
Բյուրոն նկարագրում է Չապլինին որպես «Հոլիվուդի սալոնային բոլշևիկներից» մեկը: Նա, մասնավորապես միջոցներ էր տրամադրում կոմունիստական կազմակերպությունների զարգացման համար: Նման տեղեկություններ Վաշինգտոնը ստացել է 1952 թվականի հոկտեմբերին: Անգլիական հետախուզությունը մեջբերում է Լոս Անջելեսում ամերիկյան-խորհրդային բարեկամության Ազգային խորհրդի նիստի ժամանակ հնչեցված Չապլինի խոսքերը. «Կոմունիզմում շատ լավ բաներ կան: Մենք կարող ենք օգտագործել լավն ու առանձնացնել վատը»:
Երկար ժամանակ PF710549 գործը չեր բացվում անվտանգության նկատառումներով, որպեսզի պաշտպանեն տեղեկատուներին:
Այժմ հրապարակված տեղեկությունների համաձայն, ամերիկացիները խնդրել են անգլիական հետախուզությանը տեղեկացնել իրենց, եթե դերասանը պատրաստվի հանդիպել «բարձրաստիճան անձանցից» որևէ մեկի հետ Լոնդոնում կամ կոնտակտներ հաստատել կոմունիստական կուսակցության հետ: Բացի դրանից, Դաշնային Բյուրոն փորձում էր պարզել` որտեղ է Չապլինը ծնվել, և ստուգել այն ենթադրությունը, որ նրա իսկական անունը Իզրաիլ Տորնշտեյն է: դրան անգլիացիները պատասխանել են . «Ոչ մի ապացույց չկա, որ Չապլինի անունը երբևէ եղել է Իզրաիլ Տորնշտեյն»: Հերքվել է նաև այն ենթադրոթյունը, թե նա Ֆրանսիայում է ծնվել:
Արդյունքում` MI5-ը այն եզրակացության է եկել, որ դերասանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում իրենց համար. «միգուցե և Չապլինը համակրում է կոմունիստներին, բայց արմատական քաղաքական գործիչ չէ»:
Ամերիկայում ավելի քան 30 տարի ապրած Չարլզ Սփենսեր Չապլինը ԱՄՆ-ի քաղաքացի չէր: 1952 թվականին նա մեկնեց Լոնդոն` մասնակցելու «Բեմի լույսերը» ֆիլմի համաշխարհային պրեմիերային և այդ ժամանակվա Դաշնային Բյուրոյի ղեկավար Էդգար Հուվերը հասել էր նրան, որպեսզի միգրացիոն իշխանությունները թույլ չտան նրան վերադառնալ: Չապլինը ընտանիքի հետ տեղափոխվեց շվեյցարական Վյովե, որտեղ և մահացավ 1977 թվականի դեկտեմբերին: