ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ոստիկանությանը հանձնարարել է պատշաճ քննություն իրականացնել «Ջոս» ժամանցի համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել են ոստիկանությունից:
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ ըստ որոշ լուրերի` երգչուհի Քրիստինե Պեպելյանի ամուսնու` Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի թիկնապահները, վերջինիս հրահանգով, փետրվարի 8-ին ծեծի էին ենթարկել «Ջոսի» մենեջերին, ապա և` ավտոմեքենայով տարել: «ՀԺ»-ն ընդգծում է, որ նախորդ շաբաթ ոստիկանությունը փաստացի հերքել է տեղեկությունները:
«Գլխավոր դատախազի հանձնարարությունից հետո, սակայն, Մարաշի բաժնում նյութեր են նախապատրաստում: Ըստ որոշ տեղեկությունների` Վստրեչի Ապերը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսայի ընկերն է», – գրում է թերթը: