Բնապահպան ակտիվիստները, ովքեր արդեն 8-րդ օրն է` շարունակում են նստացույցը Մաշտոցի այգում, երեկ մինչ ուշ երեկո մնացել են այնտեղ, իսկ այսօր վաղ առավոտվանից կրկին վերադարձել նստացույցի վայր: Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են այգու տարածքում չկառուցել Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ակտիվիստներից բնապահպան Ռուզաննա Գրիգորյանը, առավոտյան մոտ 30 ոստիկաններ կրկին շրջապատել են կառուցվող կրպակները: Նրանք հսկում են, որպեսզի ոչ ոք չկարողանա մտնել խանութների տարածք:
Այսօր առավոտյան ապամոնտաժվել է այգում կառուցվող սրճարանի խոհանոցը, սակայն շինարարական աշխատանքները մյուս հատվածներում նոր թափով վերսկսվել են` կատարվում է եռակցում և բետոնապատում:
Քանի որ բնապահպաններին չեն թողնում մոտենալ այգու բետոնապատ տարածք, ակտիվիստները ստիպված են մնալ ձյան և սառույցի վրա:
«Մենք առավոտից բահերով քանդում ենք սառույցները, որ հնարավոր լինի կանգել ու շարունակել նստացույցը: Մաքրում ու բարեկարգում ենք տարածքը», – ասել է Ռուզաննա Գրիգորյանը:
Նշենք, որ բնապահպանները պահանջում են քաղաքապետի այցը այգի, սակայն քաղաքապետարանից որևէ պատասխան չկա: Հիշեցնենք, որ երեկ ակտիվիստներին հանդիպել են Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, քաղաքապետարանի ներկայացուցիչները, սակայն խնդիրը չի լուծվել:
Երեկ երեկոյան ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որով քաղաքացիներին հորդորում էր զերծ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից:
Լուսանկարները տրամադրել է Արման Վեզիրյանը