Արմավիր քաղաքի «Ցեզար» գիշերային ակումբում ոչ վայել պահվածքի համար Արմավիրի դատախազությունից հեռացված դատախազ Դավիթ Բարոյանի դեպքի մանրամասներն իր այսօրվա համարում ներկայացրել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ակումբում կատարված իրադարձություններն ու աղմուկ-աղաղակը լուսադեմին փողոց են դուրս բերել որոշ շենքերի բնակիչների, որոնք տեսել են, թե ինչպես է քաղաքացին փողոցում իջեցնում շալվարը և զբաղվում ձեռնաշարժությամբ։
Ոստիկանության աշխատակիցները, մասնավորապես՝ կարմիր բերետավորները, շտապել են մերկապարով հանդես եկող քաղաքացուն իրենց հետ ոստիկանության բաժին տանել, որտեղ էլ պարզվել է, որ «շոուի» հեղինակը Արմավիրի մարզի դատախազության աշխատակից Դավիթ Բարոյանն է։
«ՉԻ»-ն գրում է, որ ակումբում ներկաներից մեկը պատմել է, որ դատախազը հարբած է եղել, ողջ գիշեր նա ընկերոջ հետ խմել է, հետո նրանք սկսել են բարձր գոռգոռալով խոսել, որից հետո դատախազը մոտեցել է բեմին տեղադրված մերկապարի համար նախատեսված ձողին և սկսել է հանվելով պարել։
Ակումբի անվտանգության աշխատակիցները փորձել են կասեցնել նրա գործողությունները, իսկ սա զայրացրել է պարող քաղաքացուն։ Արդյունքում նա սկսել է բարձր հայհոյել, ջարդել ակումբի գույքը, հարձակվել ակումբի հաճախորդների վրա։
Դժվարությամբ, բայց ակումբի աշխատակիցներին հաջողվել է դուրս բերել հաճախորդին, ով սկսել է մերկապարով հանդես գալ հենց ակումբի մուտքի առաջ։
Թերթը նշում է, որ Դավիթ Բարոյանի մասին համակարգում բավական լավ կարծիքի են, և շատերը պնդում են, որ չեն կարող հավատալ, թե իրենց ընկերը նման բան է արել։
«Թերևս այս հանգամանքով է պայմանավորված՝ երեկ սկսեցին լուրեր շրջանառվել, թե չի բացառվում, որ Բարոյանի խմիչքի մեջ ինչ-որ դեղահաբեր կամ հավելումներ լցրած լինեն՝ վերջինիս «գլխին սարքելու համար»», – նշում է թերթը։