Հազարավոր լիբիացիներ փետրվարի 17-ին հավաքվել էին Բենղազի քաղաքում` տոնելու 40 տարի երկիրը ղեկավարած Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալմանը հանգեցրած ապստամբության մեկնարկի 1-ամյակը:
Բենղազին դարձել էր տոնակատարությունների կենտրոն, քանի որ ապստամբության հենց սկզբից այն ընդդիմադիր շարժման բնօրանն էր, որը հանգեցրեց զինված հակամարտության: Արդյունքում` 2011 թվականի հոկտեմբերին Քադաֆին սպանվեց, իսկ երկրի իշխանությունն անցավ Ազգային անցումային խորհրդի ձեռքը:
Տոնակատարության համար լիբիացիները 17 մետրանոց դրոշ էին պատրաստել, որպեսզի նշեին փետրվարի 17-ը` որպես ապստամբության մեկնարկի օր: Նրանք դրոշով շրջել են ողջ քաղաքով: Տոնակատարություններն ավարտվել են զանգվածային խնջույքներով և հրավառությամբ:
Այդուհանդերձ, անգամ տոնական օրն առանց արյան չանցավ: Մոտ 25 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ, վիրավորվել են կառավարական ուժերի և Ջամահիրիայի նախկին առաջնորդի կողմնակիցների միջև ծագած բախման հետևանքով: