Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը կստանձնի 20-րդ դարի իսպանացի աշխարհահռչակ նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյի դերը Կարլոս Սուրայի «33 օր» ֆիլմում:
Ժապավենն այն մասին է, թե ինչպես էր նկարիչն աշխատում իր հայտնի «Գերնիկա» կտավի վրա: Այն ստեղծվել է 1937 թվականին, կտավի հիմքում ընկած է իսպանական Գերնիկա քաղաքի ռմբակոծության թեման: Պիկասոն «Գերնիկայի» ստեղծմանը ուղիղ 33 օր է նվիրել, միաժամանակ լարված աշխատանքը օգնել է նկարչին հաղթահարել անձնական կյանքում ստեղծված ճգնաժամը:
«33 օր» ֆիլմի բյուջեն մոտ 8 միլիոն դոլար է կազմում: Ակնկալվում է, որ նկարահանումները կսկսվեն 2012-ի ամռանը և կիրականացվեն Փարիզում և Գերնիկայում:
Նշենք, որ շուտով Բանդերասը հանդես կգա նաև մեկ այլ իսպանացի նկարչի` Սալվադոր Դալիի կերպարում: