Home / Հայաստան / Բոլոր ընտրատեղամասերում. ՀԱԿ-ը 4000 վստահված անձ կունենա ընտրություններին

Բոլոր ընտրատեղամասերում. ՀԱԿ-ը 4000 վստահված անձ կունենա ընտրություններին

Հայ այգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր Քաղաքագետների միության հերթական նիստի ժամանակ հայտնել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը պատրաստվում է առաջադրել թեկնածուներ բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում: Սա, ըստ բանախոսի, թույլ կտա ՀԱԿ-ին ունենալ 4000 վստահված անձեր և ավելի լավ վերահսկել ընտրությունների ընթացքը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի պահանջը` եվրոպացի  2000 դիտորդ ուղարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, մերժվել է ԵԱՀԿ-ի կողմից:

«Մենք ծանոթ ենք դիտորդական չարաբաստիկ առաքելությանը. 2008 թվականին տուրիստի պես էին ներկա ընտրություններին, նախընտրում էին հյուրասիրություններին մասնակցել, քան հետևել` ինչ է կատարվում: Արդյունքում` արեցին հայտարարությունը, որով լեգիտիմացրեցին անօրեն իշխանություններին և  բերեցին նրան, որ այդ իշխանությունները գնան մարտի 1-ին», – ասել է Զուրաբյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը պահանջում էր  2000 դիտորդ, որպեսզի ամեն տեղամասում մի դիտորդ մշտապես լինի, այլ ոչ թե շրջի տեղամասից տեղամաս:

Փետրվարի 12-ին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, ըստ Զուրաբյանի, ապացուցեցին, որ մեր երկրում իշխանությունները արդար ընտրություններ անցկացնելու մտադրություն չունեն:

ՀԱԿ համակարգողի կարծիքով` ընտրություններում իշխանությունն ամեն ինչ անում է, որ իր հակառակորդը հավասար պայմաններում չգտվի, սակայն դա անտեսանելի  լինի ժողովրդի համար: Իրավիճակը Զուրաբյանը համեմատել է «Գլադիատոր» ֆիլմի այն տեսարանին, երբ կայսրը մենամարտից առաջ թունավոր դանակով հարված է հասցնում Մաքսիմուսին, որ հեշտությամբ հաղթի նրան:

«Ամեն ինչ արդյուքնում տեղի էր ունենում ընտրատեղամասից դուրս: Շնորհիվ  տեղամասերում իրավիճակը վերահսկելու` Հայ Ազգային Կոնգրեսը ստացավ աննախադեպ 47% : Սա ապացույց է, որ ՀԱԿ-ն ունի հսկայական ընտրազանգված: Մի երկրում, որը ծանր ճգնաժամ է ապրում, մարդիկ արտագաղթում են, ինչպես է  հնարավոր մի փոքրիկ քաղաքում ընտրողների բում տեղի ունենա: Տեղի է ունեցել հետևյալը`  մոտ 4000 ընտրողի, կեղծելով նրանց հաշվառումը, ներգրավվել են ընտրացուցակների մեջ»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Նկատելով, որ ընտրական մեխանիզմը վերածվել է քրեական տոտալիտար համակարգի, որ թույլ է տալիս իմանալ ցանցկացած քաղաքացու խոցելի տեղը և ճնշում գործադրել նրա վրա, Զուրաբյանը շեշտել է, որ կողմ չէ այն տեսակետին, թե պետք չէ մասնակցել ընտրություններին:

«Մենք համարում ենք, որ ընտրությունները ամենաճիշտ ձևն են հաարակությանը մոբիլիզացնելու: Ցանկացած ընտրություն  ՀԱԿ-ն օգտագործելու է  Հայաստանի վիճակը բարելավելու համար»,- ասել է Լևոն Զուրաբյանը: