Գերմանիայի իշխող կոալիցիան կիրակի երեկոյան հավանություն է տվել Իոահիմ Գաուկային նախագահի պաշտոնում հաստատելու առաջարկին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, 72-ամյա իրավապաշտպանի թեկնածությանը կողմ են հանդես եկել կոալիցիայի բոլոր անդամները: Հաղորդվում է, որ Գաուկային իր աջակցությունն է հայտնել նաև ընդդիմադիր Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը:
Նշենք, որ Գաուկան մասնակցել է նաև 2010 թվականի նախագահական ընտրություններին` որպես Սոցիալ դեմոկրատական կուսակցության և Կանաչների թեկնածու, սակայն այն ժամանակ ստիպված է եղել զիջել Քրիստիան Վուլֆին, որին առաջադրել էին Քրիստոնյա դեմոկրատները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սատարում էր Վուլֆի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Վուլֆը ստիպված եղավ հրաժարական տալ ԶԼՄ-ներում հրապարակված մի շարք բացահայտումներից հետո, որոնք վերաբերում էին կաշառակերությանը: Երկրի նախագահի պաշտոնը լքելու իր մտադրության մասին Վուլֆը հայտարարեց փետրվարի 17-ին, այն բանից հետո, երբ Հանովերի դատախազությունը դիմել էր բունդեսթագին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով:
Գերմանիայում ընտրությունները պետք է կայանան նախկին նախագահի հրաժարականից հետո 30 օրերի ընթացքում, այսինքն մարտի 18-ից ոչ ուշ: Փորձագետները նշում են, որ Գաուկան հաղթանակի լուրջ շանսեր ունի. Bild am Zontag-ի հարցումների համաձայն, նրան սատարում է ընտրողների 54%-ը, իսկ 2010 թվականին Sueddeutsche Zeitung պարբերականը նրան տարվա քաղաքական գործիչ էր ճանաչել: