Բաքվում ձերբակալվել է իրանական հեռուստատեսության թղթակից, Ադրբեջանի քաղաքացի Անար Բայրամլին, հաղորդում է Contact.az-ը: Նա մեղադրվում է թմրանյութերի ապօրինի պահման մեջ:
Ոստիկանությունում հայտարարել են, որ ձերբակալվածի մոտ 0,4 գրամ հերոյին է հայտնաբերվել: Նշվում է նաև, որ ձերբակալության պահին նա դիմադրել է ոստիկանության աշխատակիցներին:
Ձերբակալվածի եղբայր Էլդար Բայրամլին, իր հերթին, պատմել է, որ Անարը բերման է ենթարկվել փետրվարի 17-ին: Էլդարը վստահ է, որ թմրանյութերը նրա մոտ են հայտնվել ոստիկանության աշխատակիցների «միջամտությամբ»:
Լրագրողի եղբայրը հաղորդել է նաև, որ ավելի վաղ Անարին բազմիցս ոստիկանություն են հրավիրել, որտեղ «հարցեր են ուղղել իր քաղաքական նախապատվությունների մասին»:
31-ամյա Անար Բայրամլին աշխատում էր իրանական TV-ում 5 տարի շարունակ: Մասնավորապես, նա աշխատել է Sahar արբանյակային հեռուստաալիքում, որը հաճախ քննադատում է ադրբեջանական իշխանություններին: