ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն Ազգային ժողովում ուրիշի փոխարեն քվեարկելը որակել է որպես ընկերական վերաբերմունքի դրսևորում: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով երկու շաբաթ առաջ ԱԺ-ում գրանցված միջադեպի մասին, երբ ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկում էին բացակա գործընկերների փոխարեն:
«Պահ ա լինում, երբ դու էլ դուրս ես գալիս մի րոպեով խիստ կարևոր գործով, ասում ես, եթե լինի քվեարկություն, իմ տեղը քվեարկեք: Եթե հինգ տարի ա իրար հետ նստել եք, երկու րոպեով` բնական պահանջներով դուրս է գալիս ձեր ընկերը, ինչ կանեք` դուք լինեք», – ասել է Վարդան Այվազյանը և խոստովանել, որ նման դեպքեր, երբ պատգամավորները իրար փոխարեն քվեարկել են ԱԺ-ում, նախկինում էլ եղել էին:
«Ոնց սուտ ասեմ, եթե ես տեսել եմ, որ քվեարկել են ուրիշի փոխարեն: Բայց ես ինքս երբեք չեմ քվեարկել ուրիշի տեղը», – հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա հարկ է համարել նշել, որ մամուլում միայն ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկությունն է քննարկվում և քննադատվում, որովհետև նրանց` մեծամասնության վրա է ուշադրությունը սևեռված:
«Շատից շատ, քչից քիչ: Մեր վրա ա սաղ կամերաները: Մի հատ էն կողմ էլ թեքեք», – խորհուրդ է տվել պատգամավորը: