ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի համաձայնել այն կարծիքի հետ, որ գործարար պատգամավորները չպետք է լինեն Ազգային Ժողովում:
«Ինչո՞ւ չպիտի լինեն բիզնեսմեն պատգամավորներ: Մեծամասնականով ընտրված պատգամավորները լավ էլ աշխատում են: Ինչո՞ւ չպետք է գործարարը հայտնվի խորհրդարանում: Ուղղակի այդ գումարները իր պաշտոնի միջոցով չպետք է աշխատի», – 100% համամասնական ընտրական համակարգի անցնելու մի շարք քաղաքական ուժերի առաջարկին անդրադառնալով` ասել է Այվազյանը:
Ըստ նրա` բոլոր կուսակցություններն էլ ուզում են բիզնեսմեն պատգամավորներ ունենալ իրենց ցուցակում, ուստի, մեծամասնական համակարգը վերացնելով, գործարարների մուտքը խորհրդարան չի բացառվի:
«Դուք ունե՞ք մի մեխանիզմ, որով կարող եք ասել կուսակցությանը` ում հանի իր ցուցակից: էդ բիզնեսմեններին կտա իր համամասնական ցուցակի առաջին-երկրորդ տեղերը: Այնպես չի, որ համամասնականով անցած պատգամավորները կոտորվել են աշխատելով», – ասել է Վարդան Այվազյանը:
Կանխատեսումներ անելով առաջիկա ընտրությունների մասին` ՀՀԿ-ական պատգամավորը համոզմունք է հայտնել, որ իր կուսակցությունը կպահպանի իր առաջատար դիրքը: