Մաշտոցի պուրակում նստացույց իրականացնող բնապահպանները պատվեր են կատարում, իսկ իրենց ակցիան ավելի շատ շոուի է վերածվում, համոզված է ՀՀԿ կուսակցության անդամ Մենուա Հարությունյանը:
«Տպավորություն է, որ ստացած գրանտների դիմաց ուզում են արդարացնել իրենց գործողությունները», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ-ականը:
Ինչ վերաբերում է երեկ Մաշտոցի պուրակ այցելած շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ապա Հարությունյանը նրանց հորդորել է «ուսուցողական տոնով բաներ» չասել, քանի որ, ըստ բանախոսի, իրենց տված վնասը մեր երկրին ավելի մեծ է, «քան այգում այդ երկու ծառերը կտրեն»:
Հարությունյանը պաշտպանել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` նշելով, որ վերջինս աննախադեպ որոշում է կայացրել:
«Քաղաքապետն առաջին անգամ նախադեպ է դնում, որ տարածքը ոչ թե վաճառում է, այլ վարձակալության է տալիս», – ասել է նա:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ քաղաքապետը պետք է լսի բնապահպանների ձայնը և Մաշտոցի պուրակից վերացնի շինությունները:
«Կառուցապատումը հինգ մետր հեռավորության վրա պետք է արվի, բայց ծառերը տաղավարներից մեկ մետր հեռավորության վրա են գտնվում: Բացի այդ, այդ այգում իրենց հանգիստն են անցկացնում: Ստացվում է, որ քաղաքի այդ հատվածում էլ զբոսնելու տեղ չի մնալու», – ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է գրանտներին, ապա «Ժառանգության» պատգամավորը հիշեցրել է, որ առաջին գրանտակերը Հայաստանի իշխանություններն են: